«Ինքս անձամբ այդպես չեմ մոտենում խնդրին, որ այստեղ ինչ-որ հարց կա և մեղավորներ կան». Գալուստ Սահակյանը՝ քառօրյա պատերազմում մեր կորուստների մասին

Այսօր Ազգային ժողովի քառօրյա նիստի մեկնարկին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ առաջարկելով Ազգային ժողովի լսումներ հրավիրել մենաշնորհների վերաբերյալ:

Լ. Զուրաբյանը նշեց, որ մենաշնորհները Հայաստանում դարձել են ամենամեծ կոռուպցիոն չարիքը, դրա պաճառով տուժում է ամբողջ բնակչությունը, թոշակառուները, սոցիալապես անապահով վիճակում գտնվող մարդիկ, տուժում է բիզնեսը, որովհետև շուկան փակ է մրցակցության համար, և կան չհիմնավորված  ծախսեր։

«Նոր վարչապետը հայտարարում է, որ բոլորը կարող են այսուհետև զբաղվել ներկրմամբ՝ առանց խոչընդոտների, իսկ եթե խոչընդոտներ լինեն, Պետրոս Ղազարյանին առաջարկել է  զանգահարել իր հեռախոսին և այդ խոչընդոտների մասին հայտնել։ Կարծում եմ՝ դա հարցի լուծման մեխանիզմ չէ, և առաջարկում եմ, որ Դուք՝ որպես ԱԺ նախագահ, հասարակության ուշադրության կենտրոնում այս հարցը դնելու նպատակով հրավիրեք Ազգային ժողովի լսումներ։ Շատ կարևոր է, որ այս հարցերը շատ թափանցիկ քննարկվեն, ու հասկանանք՝ ինչ է կատարվում մենաշնորհների ոլորտում, ինչ միջոցառումներ կարելի է, որ անցկացվեն, որ մենաշնորհները վերացվեն»,- դիմելով ԱԺ նախագահին՝ ասաց Լ. Զուրաբյանը։

Ի պատասխան՝ Գ. Սահակյանն ասաց, որ միշտ էլ կարող են լսումներ անցկացնել. «Համենայն դեպս,  նախ՝ փաստեր են պետք, առավել ևս, եթե վարչապետն այդ մասին  խոսել է, առաջիկայում իր բանաձևը կներկայացնի, քննարկման ժամանակ հարց են տվել, պատասխանել է, որ նաև կարող են իրեն դիմել, բայց ես կարծում եմ, որ բավականին լուրջ և մեծ կառույց կա այդ գործով զբաղվող, անհրաժեշտ է մի փոքր սպասել, տեսնել՝ կառավարությունն ինչ է անում, և հրավիրել կառավարությանը, եթե անհրաժեշություն լինի»։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ևս առաջարկով դիմեց Գ. Սահակյանին։ Նրա խոսքով՝ այս տարի անցանք քառօրյա պատերազմով, ունեցանք կորուստներ թե՛ մարդկային, թե՛ նյութական, թե՛ տարածքային, սակայն  Ազգային ժողովն այդպես էլ քննության առարկա չդարձրեց, թե ովքեր էին մեղավորը, որ ունեցանք նման կորուստներ։

«Կարծում եմ՝ ժամանակն է, որ Ազգային ժողովը նաև հանձնաժողովների միջոցով քննության առարկա դարձնի մեր այս կորուստների մասով իրողությունը, և և մենք կարողանանք հնարավորություն ունենալ պատասխանատվության կանչել մեղավորներին։ Այս 25 տարվա մեջ առաջին անգամ ունեցանք տարածքային կորուստներ, որի վերաբերյալ քննարկում և կորուստը վերականգնելու լուծում մենք չունենք։ Պաշտոնյաներից մեկը հայտարարեց, որ, եթե ցանկություն կա, թող գնան ազատագրեն, ցանկությունը հայտնեցին ազատագրողները, հերոսները, սակայն հերոսները հիմա գտնվում են բանտախցերում, սա պետք է քննարկման առարկա լինի, որ այդ հերոսներն ազատ արձակվեն։  Հորդորում եմ ձեզ, որպեսզի մենք հատուկ նիստի կամ հանձնաժողովների միջոցով  քննարկման առարկա դարձնենք»,- հայտարարեց Զ. Փոստանջյանը։

Գ. Սահակյանն ասաց, որ այդ խնդիրը քննարկվել է հանձնաժողովներում, ՊՆ-ն այդ մասին իր ուղերձն է հղել. «Ինքս անձամբ այդպես չեմ մոտենում  խնդրին, որ այստեղ ինչ-որ հարց կա և մեղավորներ կան, եթե դուք գտնում եք՝ դա նպատակահարմար է, դիմեք որևէ հանձնաժողովի, թող դա քննարկման առարկա դարձնեն»։

 

Տեսանյութեր

Լրահոս