Սաակաշվիլին կոչ է արել իր համախոհներին ըմբռնումով վերաբերվել իր կնոջ որոշմանը
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մեկնաբանել է իր կնոջ՝ Սանդրա Ռուլովսի որոշումը, որը հրաժարվել է մասնակցել Զուգդիդիի շրջանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին, որտեղ նա ներկայացում էր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Սանդրա Ռուլովսի որոշումը ոչ միանշանակ գնահատական է ստացել կուսակցության ներսում։ Որոշ ղեկավարներ կարծում են, որ դա կհարվածի կուսակցության հեղինակությանը, ինչն անթույլատրելի է ընտրությունների երկրորդ փուլից առաջ։
«Ես արդեն ասել եմ, որ յուրաքանչյուր թեկնածու պետք է անձամբ որոշի, թե արդյոք կմասնակցի կեղծված ընտրությունների երկրորդ փուլին։ Բոլորն էլ ունեն անձնական ընտրության իրավունք, այդ պատճառով Սանդրան առանց իմ միջամտության որոշում է կայացրել՝ լսելով իր խղճի ձայնին։
Ես հարգում եմ այդ որոշումը, ինչպես և մյուս թեկնածուների որոշումը, որոնք կպայքարեն երկրորդ փուլում, նրանց հաջողություն եմ մաղթում։
Ես հարգում եմ բոլորին և հուսով եմ, որ մեր ակտիվիստները հարգանքով կվերաբերվեն
Սանդրայի անձնական որոշմանը, մանավանդ, որ նա շատ ջանքեր է գործադրել այդ ընտրությունների համար և գիտեմ, որ նա չի հաշտվի կեղծումների ու անարդարության հետ»,- նշել է Սաակաշվիլին։
Սաակաշվիլիի կինը հայտարարել է, որ անարդար ընտրությունների ֆոնին իր մասնակցությունը երկրորդ փուլին վիրավորական է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին, Վրաստանի Զուգդիդի շրջանի 3 ընտրական տեղամասերում կայացած կրկնակի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ հաղթել է «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Էդիշեր Տոլորայան։
Հաղորդվում է, որ Տոլորայան ստացել է 981 ձայն, իսկ երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կինը՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Սանդրա Ռուլովսը, հավաքել է 441 ձայն: