Սիրիական բանակը խոստացել է ամեն գնով հակազդել թուրքական ագրեսիային
Թուրքական զորքերի ներխուժումը Սիրիայի տարածք ակնհայտ ագրեսիա է, որի դեմ սիրիական բանակը պայքարելու է բոլոր հասանելի միջոցներով, ասվում է Սիրիայի բանակի հրամանատարության հայտարարության մեջ, հայտնում է RIA Novosti-ն։
«Թուրքական բանակի ներկայությունը Սիրիայի տարածքում անընդունելի է և ագրեսիա է։ Մենք հակազդելու ենք նրանց՝ որպես զավթիչների, բոլոր հնարավոր միջոցներով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Սիրիական բանակի հրամանատարությունը նախազգուշացրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գործողությունները Սիրիայի ինքնիշխանության խախտում է, որը հանգեցնում է հակամարտության թեժացման։
«Հասկանալի է, որ սիրիական բանակի հաջողությունները, հատկապես Հալեպում, ջախջախեցին Էրդողանի երազանքներն ու նրան մղեցին Սիրիայում ագրեսիայի մեծացմանը»,- ասված է փաստաթղթում։
Ավելի վաղ քրդական ջոկատները հայտնել էին, որ Սիրիա է մուտք գործել թուրքական բանակի 20 տանկ։