
Բրիտանացի ատամնաբույժները դեմ են միգրանտների տարիքը նրանց ատամներով ստուգելուն

Պահպանողականների կուսակցությունից Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Դեւիդ Դեւիսը քննադատության է ենթարկվել պատանի այն միգրանտների ատամներն ստուգելու առաջարկության պատճառով, որոնք Կալեից Մեծ Բրիտանիա են ժամանել ազգականների մոտ: Պատգամավորի կարծիքով, ատամներով կարելի է որոշել միգրանտների իրական տարիքը եւ ապացուցել, որ նրանք երեխաներ չեն, տեղեկացնում է BBC-ն:
Ատամնաբույժների բրիտանական ասոցիացիան հոկտեմբերի 19-ին հայտարարել է, որ նման ստուգումներն անբարո կլինեին: «Տարիքն ստուգելու այս միջոցը ոչ միայն ճշգրիտ չէ: Առանց բժշկական անհրաժեշտության մարդկանց ռենտգենոգրամմայի ենթարկելը ճիշտ չէ եւ անբարո է»,- հայտարարել է ասոցիացիայի ներկայացուցիչը:
Դեւիսը քննադատության տարափի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ Twitter-ում գրել է, որ ժամանողները «նման չեն երեխաների»: «Ես հուսով եմ, որ բրիտանական հյուրընկալությունը չի չարաշահվի»,- հավելել է նա: