«Նորմանդական քառյակ»-ի ղեկավարները բանակցությունների ընթացքում հազվադեպ են ընդհանուր լեզու գտնում. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ «նորմանդական քառյակ»-ի ղեկավարները բանակցությունների ընթացքում հազվադեպ են ընդհանուր լեզու գտնում: Այս մասին նա հայտարարել է «Вести в субботу»-ին տված հարցազրույցում:
«Ընդհանուր լեզուն այդքան էլ հաճախ չի արտահայտվում, որքան կցանկայինք: Միաժամանակ ընդհանուր լեզվի բացակայությունը լրացվում է ինչ-որ չափով ղեկավարների` աշխատանքներն այս ձեւաչափում շարունակելու պատրաստակամությամբ»,-հայտարարել է խոսնակը:
Նա հավելել է, որ Բեռլինում հաստատվել է, որ Մինսկի համաձայնագրերի տեքստը չունի այլընտրանք: «Պորոշենկոն դա ընդունեց, քանի որ մենք բազմիցս լսել էինք այն մասին, որ անհրաժեշտ են ինչ-որ նոր փաստաթղթեր, այսինքն` մի անուղղակի փորձ Մինսկի համաձայնագրերը փոփոխության ենթարկելու: Նման փոփոխություն չի լինի», -ասել է նա:
Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Պյոտր Պորոշենկոյի, Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին դաշնային կանցլերի գրասենյակում: Հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բանակցությունների արդյունքում քառյակի անդամները հաստատել են, որ հավատարիմ են Մինսկի համաձայնագրերին: