Բաժիններ՝

Գերմանիան Մոսուլի փախստականների համար կհատկացնի 34 մլն եվրո

Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Մոսուլն ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումից ազատագրելու հետևանքով ավելի շատ փախստականներ կձգտեն գնալ Իրաքի այլ շրջաններ ու Թուրքիա: Այս կապակցությամբ պաշտոնական Բեռլինը պատրաստ է առանձնացնել 34 մլն եվրո, որը կտրամադրվի փախստականների կարիքները հոգալու համար: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին հայտնել է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարար Գերդ Մյուլլերը:

«Միայն Մոսուլի և դրա շրջակայքի համար մենք կարող ենք հատկացնել հավելյալ 34 մլն եվրո` որպես շտապ օգնություն»,- ասել է նա:

ՄԱԿ-ի տվյալներով` Մոսուլից կարող է փախչել մինչև 1 մլն մարդ: Թե նրանցից քանիսն ի վերջո կհայտնվեն Գերմանիայում` Մյուլերը դժվարացել է պատասխանել: «Ես դա ասել չեմ կարող, սակայն դա շատ դրամատիկ իրադրություն կլինի»,- ասել է նա:

Մոսուլն ԻՊ-ից ազատագրելու ցամաքային գործողությունները սկսվեցին հոկտեմբերի 17-ի առավոտյան: Իրաքյան կառավարական ուժերից բացի, դրանց մասնակցում են նաև քրդական միավորները, ինչպես նաև միջազգային հակաահաբեկչական կոալիցիան:

Մոսուլն Իրաքի` մեծությամբ երկրորդ քաղաքն է, որն ունի 1.3 մլն բնակչություն: Այն երկու տարուց ավելի գտնվում է ծայրահեղական խմբավորման հսկողության տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս