
Դինքի գործով նախկին ժանդարմ է կալանավորվել

Ստամբուլահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործը քննող Ստամբուլի հանրապետական դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցանքների գրասենյակի դատախազ Գյոքալփ Քյոքչուն ավարտել է նախկին ժանդարմերիայի ներկայացուցիչ Համզա Ջելեփօղլուի հարցաքննությունը: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Ադանայի ժանդարմերիայի տարածաշրջանային նախկին հրամանատար Ջելեփօղլուին կալանավորելու որոշում է ընդունվել:
Նա մեղադրվում է Դինքի սպանության վերաբերյալ իրականացվող անօրինական գործողություններից տեղյակ լինելու մեջ:
Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:
2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:
2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում `Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որոշումներ են ընդունվել: