
Չեխիայում ձերբակալված ռուս հաքերին ԱՄՆ-ում մեղադրանք են առաջադրել

Պրահայում ձերբակալված Եվգենի Նիկուլինին ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել հաքերային հարձակման եւ տեղեկատվության գողության համար LinkedIn, Dropbox ևFormspring ընկերությունների համակարգիչներից: Ըստ BBC-ի, ԱՄՆ-ում հաստատել են 29-ամյա ռուս հաքերի դեմ առաջադրվող մեղադրանքը:
Ըստ ամերիկյան դատախազության տվյալների` 2012 թվականին Նիկուլինը օգտագործել է LinkedIn ընկերության աշխատակիցներից մեկի տվյալները, որպեսզի կարողանա հասանելի դարձնել ընկերության համակարգիչների տվյալները:
Հոկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ Չեխիայի ոստիկանությունը ձերբակալել է քրեական հետապնդման մեջ գտնվող հաքերին Պրահայի հյուրանոցներից մեկում:
ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվան Պրահայի հետ ակտիվորեն աշխատում է ռուս քաղաքացու արտահանձնումը ԱՄՆ-ին թույլ չտալու համար:
Զախարովան ռուս քաղաքացու ձերբակալումը որակել է որպես հերթական ապացույց նրա, որ ԱՄՆ իրավապահ մարմինները հետապնդում են ռուս քաղաքացիներին աշխարհով մեկ: