
Թուրքական դիվանագիտական անձնագիր ունեցող 35 մարդ Գերմանիայից ապաստան է խնդրել

Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական ձախողված հեղաշրջումից հետո դիվանագիտական անձնագիր ունեցող 35 քաղաքացի դիմել է գերմանական կողմին ապաստան ստանալու խնդրանքով: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Գերմանիայի ներքին գործերի նախարարության խոսնակ Գյունթեր Քրինգսը, պատասխանելով Կանաչների կուսակցության պատգամավոր Օզջան Մութլուի հարցին, հայտնել է, որ ապաստան ստանալու խնդրանքով Գերմանիայի Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակ դիմածների շարքում եղել են նաև կանայք և երեխաներ: Ներկայացված դիմումները կառավարությունը նախատեսում է առանձին-առանձին դիտարկել:
Երկու շաբաթ առաջ Süddeutsche պարբերականը հրապարակել էր տեղեկատվություն այն մասին, որ գյուլենականների հետ կապ ունենալու պատճառաբանությամբ թուրքական կողմը չեղյալ է համարել Գերմանիայում դիվանագիտական առաքելություն իրականացնող ութ անձի դիվանագիտական անձնագրերը: Նշվում է, որ դրանց շարքում է նաև Բեռլինում Թուրքիայի դեսպանատան նախկին զինվորական կցորդը, ով Թուրքիա չի վերադարձել և այժմ էլ հայտնի չէ նրա գտնվելու վայրը: Կցորդը ևս, համաձայն տեղեկությունների, ապաստան ստանալու դիմում է ներկայացրել: