Գեղարքունիքի մարզում կաթի վերամշակման ձեռնարկությունները հիմնականում լուծում են կաթի մթերման խնդիրը

Գեղարքունիքի մարզի տարածքում գործող կաթի վերամշակման 3 ձեռնարկությունները հիմնականում լուծում են կաթի մթերման խնդիրները՝ թեթեւացնելով անասնապահական տնտեսությունների հոգսերը եւ մթերված կաթի դիմաց վճարումները կատարելով ժամանակին: Ինչպես հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզի անասնապահական տնտեսությունները տարվա ընթացքում կաթի մթերման հետ կապված խնդիրներ չեն ունեցել:

«Ինչ վերաբերում է կաթի մթերմանը, ապա պետք է ասեմ, որ այս տարի կաթի մթերման գները Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձրը մեր մարզում են՝ շնորհիվ Վարդենիսում, Ակունքում եւ Լճաշենում գործող կաթ մթերող ընկերությունների: Կարեւորն այն է, որ մեր մարզում տնտեսությունները կաթի մթերման խնդիր չունեն եւ մթերված կաթի դիմաց վճարվում են ժամանակին ու ամբողջությամբ»,- Վարդենիսի քաղաքապետարանում ֆերմերների հետ հանդիպման ժամանակ նշել է Ռաֆիկ Գրիգորյանը:

Իսկ կաթի վերամշակման ձեռնարկություններից ստացված տվյալներով՝ Վարդենիս քաղաքում, Ակունք եւ Լճաշեն գյուղերում գործող ձեռնարկություններում կաթի մեկ լիտրը մթերվում է 110-140 դրամի սահմաններում: Բոլոր 3 ձեռնարկություններն էլ ոչ միայն կարողանում են ժամանակին վճարել անասնապահական տնտեսություններին,  իրացնել իրենց արտադրանքը, այլ նաեւ իրենց արտադրություններն ընդլայնելու ցանկություն եւ ծրագրեր ունեն: Գեղարքունիքի մարզում, ըստ մարզի համայնքներից ստացված տեղեկատվության, կաթի մթերմամբ զբաղվում են նաեւ մայրաքաղաքի կաթ վերամշակող առանձին ձեռնարկություններ:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս