Բաժիններ՝

Վտանգավոր ցայտնոտ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանից ստացվող տեղեկությունները կարծես թե կրում են տագնապի աճման միտում: Համենայնդեպս, ապրիլից հետո հաստատված հրադադարի մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ խոսք է գնում ադրբեջանցիների դիվերսիոն ներթափանցման փորձերի մասին: Բարեբախտաբար, հայկական ուժերը դրանք հետ են մղել առանց որևէ կորստի:

Ադրբեջանը վերջին շրջանում բավական տարօրինակ վարքագիծ է դրսևորում՝ ռազմական ուղղությամբ ինտենսիվացնելով հրադադարի խախտումները և փաստորեն նաև ինչ-որ առումով՝ դրանց բնույթը, իսկ քաղաքական-դիվանագիտական ասպարեզում ինտենսիվորեն դժգոհելով այն բանից, որ միջազգային հանրությունը Ադրբեջանին թույլ չի տալիս լուծել խնդիրը և աջակցում է հայերին:

Այս երկու զուգահեռները ըստ էության հիշեցնում են պարզ շանտաժ, որն, իհարկե, ավելի շատ կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանը իսկապես գտնվում է բավականին ցայտնոտային վիճակում: Դա, իհարկե, ապրիլին չստացված բլից-կրիգի հետևանքն է, սակայն այստեղ բավական վտանգավոր կարող է լինել դրա վրա հանգստանալը, քանի որ ապրիլյան պատերազմի բացասական ազդեցությունը Ադրբեջանի համար կարող են շատ սահուն կերպով հետևանքից վերածվել նոր իրավիճակի, եթե հայկական կողմը դրանք չարժանացնի ադեկվատ գնահատականի և արձագանքի:

Խնդիրն այն է, որ այդ գործողությունները պետք է դիտարկել ոչ միայն Ադրբեջանի ցայտնոտի կոնտեքստում, այլ նաև աշխարհաքաղաքական իրադարձությունների, որովհետև ադրբեջանական այդ ցայտնոտն ինչ-որ մեկը կարող է և օգտագործել: Հատկապես, որ կա ըստ էության ավելի խոշոր մի ցայտնոտային իրավիճակ՝ Ռուսաստանի համար:

Եվ այս իմաստով Ադրբեջանն ու Ռուսաստանը, ըստ էության, ցայտնոտընկերներ են կամ ցայտնոտակիցներ՝ ռազմավարական ցայտնոտակիցներ: Եվ քանի որ կա ցայտնոտ ավելի բարձր և ընդգրկուն աշխարհաքաղաքական մասշտաբով, Ադրբեջանն այս առումով իր ցայտնոտի հետ չի մնա մենակ: Իսկ սա վտանգավոր է, ինչպես վտանգավոր էր այն, որ Ադրբեջանը ապրիլից առաջ մենակ չմնաց նաև իր ռազմական դիվանագիտության հետ: Երբ Ադրբեջանն այդ դիվանագիտության հետ մենակ էր, դա Հայաստանի համար, ըստ էության, մեծ վտանգներ չէր ներկայացնում:

Այս առումով խիստ ուշագրավ է, եթե հետահայաց ուշադրության արժանացնենք այն, որ ադրբեջանական ռազմական դիվանագիտությունը բուռն դինամիկա արձանագրեց այն ժամանակ, երբ միջազգային քաղաքականությունում ռազմական դիվանագիտության դիմեց նաև Ռուսաստանը: Այսինքն՝ Ադրբեջանն իր այդ վիճակում չմնաց մենակ, ըստ էության ստացավ անհրաժեշտ աշխարհաքաղաքական պարուրագիծը, ինչն էլ հանգեցրեց ավելի համարձակ ու ագրեսիվ գործողությունների: Եվ իրավիճակը էլ ավելի բարդացավ այն պատճառով, որ Ադրբեջանի այդ «մենության» հաղթահարողը եւ մասշտաբային հաղթահարողը Հայաստանի, այսպես կոչված, ռազմավարական դաշնակիցն էր:

Եվ այժմ, երբ այդ դաշնակիցը կիսում է նաև Ադրբեջանի ցայտնոտը, ապա այստեղ անհրաժեշտ է հասկանալ, որ խնդիրը արդեն ավելին է, քան միայն Ադրբեջանի հետպատերազմյան ռազմաքաղաքական խնդիրները: Երբ Ռուսաստանը «կիսում» էր ադրբեջանական ռազմական դիվանագիտությունը, Հայաստանը ըստ էության ոչ միայն բավարար համարժեքությամբ չգնահատեց իրավիճակը, այլև նույնիսկ «նվագակցեց» այդ քաղաքականությանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ«Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս