Գերմանացի պատմաբանը Վատիկանի պահոցներից Ցեղասպանությանն առնչվող 1100 փաստաթուղթ է ի հայտ բերել

Գերմանացի պատմաբան, Հայոց ցեղասպանության թեմայով մի շարք աշխատությունների հեղինակ Մայքլ Հեսսեմանը Վատիկանի բաց և գաղտնի պահոցներում աշխատանքի արդյունքում ի հայտ է բերել Հայոց ցեղասպանությանն առնչվող 1100 էջ փաստաթղթեր: Լլրագրողների հետ հանդիպման ժամանակ գերմանացի գիտնականը տեղեկացրեց, որ այդ փաստաթղթերի հիման վրա պատրաստվում է գիրք գրել, իսկ փաստթղթերի պատճենները հանձնել է նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնօրենին: Հեսսեմանը տեղեկացրեց նաև, որ գիրքը լինելու է ոչ միայն գերմաներեն, այլև անգլերեն և այլ լեզուներով: Գիտնականը պատրաստ է իր փորձով և գիտելիքներով կիսվել Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաներ ուսումնասիրող այլ գիտնականների և հետազոտողների հետ ևս:

Անդրադառնալով փաստաթղթերի էությանը` Մայքլ Հեսսեմանը նշեց, որ դրանք հիմնականում Հռոմի պապերի վարած գրագրություններ են առավելապես Արևելքում իրենց ներկայացուցիչների, ինչպես նաև կապուցինյան և ֆրանցիսկյան օրդենների ներկայացուցիչների հետ: Ըստ գիտնականի` այս փաստը ցույց է տալիս, որ Պապը շատ ավելի լայն տեղեկատվության շրջանակ ուներ, քան զուտ կաթոլիկ միսիոներներն էին: Փաստաթղթերը հիմնականում իտալերեն և ֆրանսերեն լեզուներով:

«Ուսումնասիրությունները հիմնականում ցույց են տալիս, որ Օսմանյան կայսրությունում կատարվել է քրիստոնյա տարրի, այդ թվում, առաջին հերթին, հայերի զանգվածային համակարգված բնաջնջում: Այն լավ ծրագրված պետական ծրագիր էր: Երիտթուրքերը կարծում էին, որ ուժեղ են միատարր պետությունները, իսկ դրան հասնելու համար պետք էր իրականացնել ազգային հիմքով զտում»,- կարծիք հայտնեց գիտնականը:

Նրա խոսքով` իր ուսումնասիրած փաստաթղթերը ցույց են տալիս, որ կաթոլիկ եկեղեցին փորձել է ազդել Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի դիրքորոշման վրա: «Վատիկանը փորձում էր Ավստրո-Հունգարիայի միջոցով ազդել Գերմանիայի վրա և կանգնեցնել ցեղասպանությունը: Սակայն Գերմանիան ցանկանում էր Թուրքիայի պահել իր կողմում պահել, նույնիսկ եթե պետք է լիներ հայերի ճակատագրի գնով»,- նշեց գիտնականը: Հեսսեմանը կարծում է, որ հենց այս քայլերի համար մեղքի զգացումն էր, որ ստիպեց Գերմանիայի խորհրդարանին այս տարվա հունիսի 2-ին ընդունել համապատասխան որոշումը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Գերմանացի պատմաբանը նաև շեշտեց, որ իր ուսումնասիրած փաստաթղթերում կան հստակ փաստագրումներ այն մասին, որ հայ զոհերի թիվը հասնում է 1.5 միլիոնի: «Դրա մասին վկայում է նաև կապուցինների  ներկայացուցչի նամակը, ով նշում է 1918թ. նոյեմբերին, որ 2.3 միլիոն հայերից սպանվել են 1.5 միլիոնը»,- ասաց գիտնականը:

Տեսանյութեր

Լրահոս