Ազգային ժողովը հավանության արժանացրեց կառավարության ծրագիրը

Քիչ առաջ Ազգային ժողովը կողմ՝ 85, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 6 ձայների հարաբերակցությամբ հավանության արժանացրեց ՀՀ կառավարության ներկայացրած ծրագիրը։
Քվեարկությունից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ պատգամավորների ելույթներին՝ նշելով, որ դրանց մի մասը հետաքրքիր էր, մի մասի տրամաբանությունն էլ անհասկանալի էր իր համար։

Նա հայտարարեց, իրենք բաց ենք առաջարկի, խորհրդի, քննադատության, բայց կցանկանար, որ այդ ամենը լինեն առարկայական.

«Մեր ՕԵԿ -ի գործընկերներն ասում են՝ «դուք գրել եք՝ կոռուպցիայի դեմ պայքար, է բոլորը գրել են», չգրե՞նք։ ՀԱԿ-ի գործընկերներն ասում են, որ դուք չեք կատարել ախտորոշում: Ճի՛շտ եք, չենք արել, գրել ենք, որ պետք է անենք, ու այն, ինչ պետք է անենք, 20 օրը բավարար չէ»։

Վարչապետը ցանկանում էր անդրադառնալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների դիտարկումներին՝ սակայն շփոթեց անունը՝ ասելով՝ «Բարգավաճ Հանրապետական», ինչը ծիծաղի առիթ հանդիսացավ դահլիճում նստածների համար։ Նա ներողություն խնդրեց, բայց այդպես էլ չարտաբերեց ԲՀԿ-ի ճիշտ անվանումը՝ միայն նշելով՝ «Բարգավաճ». «Ասում է՝ ծրագիրը լավն է, բայց չկա պատրաստակամություն ծրագրին տեր կանգնելու։ Այդ պատրաստակամությունը ծրագրում ինչպե՞ս պետք է ձևակերպեինք, հուշեք՝ ձևակերպենք»,- հարց ուղղեց վարչապետը։

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ ինքը հարցեր չի տվել, ելույթ չի ունեցել, որովհետև փորձը ցույց է տալիս, որ դրանից որևէ բան չի փոխվում։

«Չեմ ուզում մտնել ծայրահեղությունների մեջ, թե փրկության ծրագիր է կամ հնարավոր չէ որևէ բան փոխել։ Հեքիաթների անուններ շատ տրվեց, այն տարիքում չենք՝ հեքիաթներին հավատանք, բայց նաև հասկանում ենք, որ հանրությունը չի կարող զրկվել հույսերից, և ինչ-որ հույսեր ձեր նշանակմամբ առաջացել են»,- նշեց պատգամավորը՝ ավելացնելով, որ ձեռնպահ է քվեարկելու և հետևելու է կառավարության գործունեությանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ իրենք չեն կարող վստահություն հայտնել իշխող կուսակցության կողմից ներկայացված որևէ կառավարության, այդ իսկ պատճառով դեմ են քվեարկելու։

Տեսանյութեր

Լրահոս