«ԵՄ-ն միջոցներ կձեռնարկի Ռուսաստանի դեմ Հալեպում արյունահեղության դեպքում». Տուսկ
ԵՄ երկրների առաջնորդները պայմանավորվել են դիտարկել սիրիական իշխանությունների և նրանց դաշնակիցների դեմ միջոցառումների «բոլոր հնարավոր տարբերակները», եթե Հալեպում արյունաահեղությունը շարունակվի, Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի արդյունքներով հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։
«Եվրամիությունը կոչ է անում դադարեցնել արնահեղությունը և անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- հայտարարել է Տուսկը, որի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի ղեկավարն էր ասել, թե ԵՄ-ն կարող է դիտարկել Ռուսաստանի վրա ազդելու տարբեր տարբերակներ Սիրիայում Մոսկվայի գործողությունների պատճառով։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքով՝ Եվրամիությունը կարող է միջոցառումներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ, եթե Հալեպին հասցվող հարվածների ինտենսիվությունը պահպանվի այն նույն մակարդակում, որը գրանցվել է մինչ մարդասիրական դադարի հաստատումը։