32-ամյա ծննդկանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ «Վանաձոր բժշկական կենտրոնում» 32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Գուգարք գյուղի բնակչուհի Հ.Նազլուխանյանի մահվան դեպքի առթիվ կատարված քննությամբ պարզվել է, որ վերջինս առաջնածին ախտորոշմամբ 2016 թվականի սեպտեմբերի 26-ին ընդունվել է «Վանաձոր բժշկական կենտրոնի» մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունք։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, կինը ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը`հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:40-ին, նույն բաժանմունքում նա մահացել է:

Դեպքի առթիվ 2016 թվականի հոկտեմբերի 20-ին` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կնոջ մահվան հանգամանքների, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել։ Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս