«Դուք կունենա՞ք այդքան վճռականություն՝ կտրելու այն ճյուղը, որի վրա նստած է իշխանությունը, եթե կունենաք, ինչպես ասում են՝ «no comment»». Նաիրա Զոհրաբյանը՝ վարչապետին
«2007 թվականից ես ինքս մի քանի կառավարությունների ծրագրերի ներկայացմանն եմ ներկա եղել, երբեմն դեժավյուի տպավորություն է՝ գեղեցիկ բառեր, մոտավորապես նույն տեքստերը՝ կոռուպցիա, մենաշնորհ, ստվեր, անելու ենք այս, անելու ենք այն… Չեմ հանդիպել կառավարության մի ծրագրի, որտեղ ասվում է՝ գալու ենք, զբաղվելու ենք գանձագողությամբ, երկրի տնտեսության ողնաշարը քանդելու»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ բոլոր կառավարությունների ծրագրերն էլ եղել են լավը՝ մի քիչ լավ կամ վատ գրված, բայց բովանդակային առումով այդ տեքստերն իրարից առանձնապես չեն տարբերվել. «Ի դեպ, կախարդական փայտիկի մասին պատմությունները բոլոր նախորդ վարչապետներից լսել ենք, որ ասում են՝ մենք կախարդական փայտիկ չունենք։ Բացարձակ պետք չէ կախարդական փայտիկ ունենալ՝ առկա վիճակը շտկելու համար, այստեղ բազմաթիվ անգամներ ասվեց՝ ինչ պետք է անել. թույլ չտալ բյուջեագողություն, այդ «ատկատ» մենթալիտետի մեջ մտած բառը, առանց որի մեր համակարգը չի պատկերացնում իր գոյությունը»։
Ն. Զոհրաբյանը չի կարծում, որ կախարդական փայտիկ է պետք հայտնաբերելու համար, թե ովքե՞ր են այն անձինք, ովքեր մոնոպոլացրել են Հայաստանի տնտեսությունը.
«Մի մասն այստեղ են նստած, մի մասն այստեղից դուրս են, բա՞րդ է դրանց դեմ պայքարելը, անկեղծորեն եմ ասում, պարոն վարչապետ, բարդ է, ինչո՞ւ է բարդ, որովհետև այդ այն մարդիկ են, ովքեր նպաստում են իշխանության վերարտադրությանը։ Հիմա Դուք կունենա՞ք այդքան վճռականություն՝ կտրելու այն ճյուղը, որի վրա նստած է իշխանությունը: Եթե կունենաք, ինչպես ասում են՝ «no comment», ես այդպես լավատես չեմ, որովհետև ես իրատես մարդ եմ, եթե Դուք փորձեք կպնեք այստեղ նստած մոնոպոլիստներին, ովքեր 2017 թվականի ապրիլի 2-ին գրանդիոզ ընտրակեղծիքներով ապահովելու են իշխանության վերարտադրությունը, ես չգիտեմ, թե Ձեզ հետ ինչ կլինի։ Եթե Դուք պատրաստ եք կտրել այն ճյուղը, որի վրա նստած է այս իշխանությունը, մենք պատրաստ ենք լինել Ձեր դաշնակիցը»։
Ն. Զոհրաբյանի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր այսօր ունեն արտոնյալ դիրք Հայաստանի տնտեսության մեջ, այն անձինք են, որոնց վրա խորհրդարանական, նախագահական ընտրությունների ժամանակ դրվում է մարզեր, թաղեր, ռեգիոններ. «Բա, նրանք պետք է ասեն՝ որ՝ ինձ զրկում ես արտոնյալ կարգավիճակից, ուրեմն՝ ինձանից համապատասխան քվեներ չպահանջեք»։