
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում է իրականացրել

Հյուսիսային Կորեան միջին հեռահարության հրթիռի անհաջող փորձարկում է իրականացրել, ասվում է ԱՄՆ զինված ուժերի ռազմավարական հրամանատարության հայտարարության (US STRATCOM) մեջ։
«STRATCOM համակարգերը գրանցել են իրադարձություն, որը մենք գնահատում ենք որպես Հյուսիսային Կորեայի կողմից հոկտեմբերի 19-ին հրթիռի անհաջող գործարկում Կուսոն քաղաքից ոչ հեռու՝ հյուսիս-արևելք»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Ենթադրվում է, որ խոսքը միջին հեռահարության «Մուսուդան» բալիստիկ հրթիռի մասին է»,- նշել են ամերիկացի զինվորականները։
Հրամանատարությունից հավելել են, որ հրթիռը չի սպառնացել ԱՄՆ-ին։
Իր բողոքը Հյուսիսային Կորեային արդեն հայտնել է Ճապոնիան։ Ընդ որում՝ Տոկիոյում նշել են, որ երկրի կողմը ընթացող ոչ մի օբյեկտ չեն նկատել։