«Մենք վերանայելու ենք ամբողջապես գործարար և ներդրումային միջավայրը, վեր ենք հանելու բոլոր խոչընդոտները». նախարար
«Կառավարության ծրագրում էլ է նշված, որ կարճաժամկետ հատվածում մենք վերանայելու ենք ամբողջապես գործարար և ներդրումային միջավայրը, վեր ենք հանելու բոլոր այն խոչընդոտները, որոնք այսօր կան, որոնք խանգարում են այսօր գործարարության զարգացման և ներդրումների ներգրավման մասով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նա դժվարացավ պատասխանել, թե ինչո՞ւ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում կտրուկ նվազեցին ներդրումները: Ըստ նրա` դա կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքներով. առաջինը` Հայաստանի հիմնական գործընկեր երկրները տնտեսական աճ չապրեցին, այլ հակառակը` տնտեսական միտումները բացասական էին, և երկրորդ` ինչպես բազմիցս նշվել է, պետք է բարելավել ներդրումային միջավայրը:
«Ստեղծելու ենք հիմնադրամ, որն ուղղակի օժանդակության միջոցով փորձելու է աջակցել գործարարներին: Ներդրողների համար պետք է ստեղծել օրենսդրական վստահության, օրենսդրական պաշտպանության դաշտ, ինչի շուրջ մենք արդեն իսկ նախաձեռնել ենք քայլեր, և մոտ ժամանակներս կառավարությանը կներկայացվի ներդրումների մասին օրենքը»,- ասաց Ս.Կարայանը:
Դիտարկմանն ի պատասխան, որ նախկին նախարար Արծվիկ Մինասյանն ուսումնասիրություն էր սկսել և խոստացել էր հրապարակել մենաշնորհատերերի ցուցակը, Ս. Կարայանը հայտարարեց, որ ինքն այդ ուսումնասիրությամբ չի զբաղվել, և մենաշնորհատերերի անունների ցուցակի հրապարակման համար հորդորեց դիմել համապատասխան հանձնաժողովին: