Կարեն Կարապետյանը՝ նախորդ կառավարությունների «ձախողումների» մասին
«Մենք ունեցել ենք մի քանի կառավարություններ, որոնք շատ փայլուն ծրագրեր են ներկայացրել, ու, համենայնդեպս, վերջին կառավարությունը ջանքեր էր գործադրում այդ ծրագրի կատարման ուղղությամբ, բայց չստացվեց։ Դուք ուսումնասիրե՞լ եք նախկին կառավարությունների ծրագրերի չիրականացման պատճառները, գիտե՞ք՝ որոնք էին այդ կառավարությունների ուժեղ և թույլ կողմերը»,- այսօր Ազգային ժողովում նոր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հարցով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին դիմեց պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։
«Նախկին կառավարությունները կայացե՞լ են, թե՞ չեն կայացել, իմ գնահատելու խնդիրը չէ, ես համարում եմ, որ իրենք ունեցել են և՛ հաջող, և՛ ոչ հաջող լուծված հարցեր, և որևիցե մեկը երաշխավորված չէ, որ կարող են սխալներ թույլ չտալ»,- ի պատասխան՝ ասաց վարչապետը։
Լ. Սարգսյանը նաև հետաքրքրվեց, թե կոնկրետ ծրագրերը, թեկուզ մեկ տարի կտրվածքով՝ ի՞նչ ժամկետների մեջ են տեսնում։ Վարչապետն ասաց, որ իրենք ժամկետներ չեն նշում, որովհետև, նախ՝ ախտորոշման խնդիր ունեն.
«6-7 ամսվա ծրագիր ենք ներկայացրել, որ չքննադատվենք, թե՝ «դուք չգիտեի՞ք՝ ընտրություններն ինչպես են լինելու, ինչո՞ւ եք երկարաժամկետ ծրագիր ներկայացնում»։ Երբ նախաձեռնությունների ռազմավարական ստրատեգիան լինի, ախտորոշումները լինեն, կարող ենք թվեր հայտնել, որոնց համար կարող ենք պատասխան տալ»։