«Կյանք ու կռիվ» ֆիլմի սաունդթրեքն ու տպավորիչ տեսահոլովակը
Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմի տեսահոլովակն ու սաունդթրեքն արդեն կարող ենք դիտել և լսել համացանցում:
Սաունդթրեքի հեղինակն Արթուր Գրիգորյանն է, ով և կատարում է երգը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին և մինչ օրս համարվում է ամենադիտվող ֆիլմը Երևանի բոլոր կինոթատրոններում: «Կյանք ու կռիվ»-ում հերոսները դպրոցական տարիքից մտերմացած 25 տարեկան 4 ընկերներ են՝ Տիգրանը, Լևոնը, Արմենը և Էդուարդը: Նրանցից երկուսը մասնակցում են Արցախյան ազատամարտին, իրենց կյանքը վտանգում հանուն հայրենիքի և խաղաղության:
Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմը պատմում է մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին: Վերարժևորե′լ կյանքը, գնահատե′լ շրջապատող մարդկանց, սիրե′լ հայրենիքը. ահա′ ֆիլմի հիմնական ասելիքը: Ֆիլմում զուգահեռներ են տարվում պատերազմի և սիրո միջև։ Եվ հենց այս հակասական զուգահեռում է սկիզբ առնում այն սերը, որն ապրեցնում է և ուժ տալիս դժվարին պահերին: Ֆիլմի հեղինակները ներկայացնում են պատերազմական շրջանի ճակատագրերի ողբերգությունը՝ միախառնված առօրեական իրավիճակների հետ: