
Հայ-ռուսական բարեկամության հայկական շունչը Մասիսում

«Երգը՝ բարեկամության կամուրջ» փառատոնի շրջանակներում Մասիս քաղաքի Վահրամ Բաբայանի անվան թիվ 2 դպրոցում երեկ կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված հայ-ռուսական բարեկամությանը:
«Երգը՝ բարեկամության կամուրջ» փառատոնը կազմակերպվում է շուրջ 4 տարի՝ Ռուսաստանի հայերի միության կողմից: Փառատոնի կազմակերպմանն աջակցում են նաև Կրթության և գիտության նախարարությունը և Մշակույթի նախարարությունը:
Միջոցառման հյուրերն էին Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմի Աղայանը, Արարատի մարզի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը և նույն վարչության մասնագետ Մանուշ Ռուշանյանը:
Վահրամ Բաբայանի անվ. թիվ 2 դպրոցի տնօրեն Արևհատ Նազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դպրոցի կազմակերպած հայ-ռուսական բարեկամությանը նվիրված միջոցառումն իր բարձր մակարդակով այն աստիճան գերեց հյուրերին, որ թիվ.2 դպրոցն արտահերթ ստացավ հնարավորություն՝ մասնակցելու «Երգը՝ բարեկամության կամուրջ» փառատոնի շրջանակներում անցկացվող մրցույթների հանրապետական փուլին:
Ռուսական մթնոլորտը և հայկական հյուրընկալությունը համախմբել էր դպրոցի աշակերտներին, ծնողներին և ուսուցչական կազմին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ հնարավորինս բարձր մակարդակի ներկայացնել Վահրամ Բաբայանի անվան թիվ 2 դպրոցը: Իրենց հերթին՝ հյուրերն անթաքույց հիացմունք էին հայտնում դպրոցի տարած աշխատանքի հանդեպ: