«Սամվել Ալեքսանյանի, Միհրան Պողոսյանի և այլոց մոնոպոլիաների դեմ պայքարելու եմ շատ պարզ…». Կարեն Կարապետյան

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց, թե ինչպե՞ս է վերաբերվում նախագահ Սերժ Սարգսյանին։

«Ինչո՞ւ եմ հարցը տալիս, որովհետև մենք սովոր ենք, որ այստեղ կառավարության ներկայացուցիչները, վարչապետները՝ ծրագրերը ներկայացնելիս, հղում են անում Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերին, մի քանի անգամ անունը հիշատակում են։Դուք մտածում եք, որ Սերժ Սարգսյանը գլխովին ձախողե՞լ  է իր նախընտրական ծրագիրը՝ գուցե այդ պատճառով, կամ մտածում եք, որ ձեր և իր անվան կապվելը կարող է վարկաբեկի՞չ նշանակություն ունենալ ձեր կառավարության համար։ Դուք ընդհանրապես ի՞նչ եք մտածում։ Քանի որ Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետը լրանում է՝ մանրից պետք է իրերը հավաքի և, այսպես ասած, իշխանության ժառանգականության հարցերը լուծի, և այդ կոնտեքստում ձեր դերակատարումն ինչպե՞ս եք պատկերացնում, և ընդհանրապես ձեր կառավարության անդամներն ո՞ւմ են համարում իրենց առաջնորդ ղեկավար՝ ձե՞զ, թե՞ Սերժ Սարգսյանին»։

Այս հարցին վարչապետը պատասխանեց. «Սերժ Սարգսյանին շատ հարգալից եմ վերաբերվում։ Թե կառավարության անդամներն ինձ ինչպե՞ս են վերաբերվում՝ իրենցից հարցրեք։ Շարունակակա՞ն են Սերժ Սարգսյանի ծրագրերը, թե՞ ոչ, այո՛. ինձ վարչապետ աշխատելու հրավիրել է Սերժ Սարգսյանը»։

Նիկոլ Փաշինյանի երկրորդ հարցին՝ դուք ասում եք, որ մոնոպոլիաները միշտ չէ, որ վատ են, կարևոր է, թե դրանք ինչպես են ձևավորվել, հիմա, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանի շաքարային մոնոպոլիան օրինակա՞ն է ձևավորվել, թե՞ ոչ օրինական, Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող բանանի ներկրման մենաշնորհն օրինակա՞ն է, թե՞ ոչ: Դուք այդտեղ անելիքներ տեսո՞ւմ եք, վարչապետը պատասխանեց.

«Թե ո՞նց եմ պայքարելու Սամվել Ալեքսանյանի, Միհրան Պողոսյանի և այլոց մոնոպոլիաների դեմ՝ շատ պարզ։ Խաղի կանոնները լինելու են բոլորի համար նույն կերպ. Ինչպե՞ս են իրենց մոնոպոլիաներն առաջացել։ Լինելու է բաց դաշտ. Ո՞վ այդ ոլորտում կլինի ավելի հաջողակ, ժամանակը ցույց կտա»։

Տեսանյութեր

Լրահոս