Բաժիններ՝

Տագնապալի լուրեր Հալեպից. կրակում են մարդասիրական միջանցքներով քաղաքից հեռանալ ցանկացողների վրա

Սիրիայում զինյալները կրակ են բացում նրանց ուղղությամբ, որոնք որոշել են հեռանալ Հալեպից մարդասիրական միջանցքներով, որոնք ստեղծել են ռուս զինվորականները «մարդասիրական դադարի» շրջանակներում, հայտնում է արաբական Al Mayadeen հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ «Ջաբհաթ Ֆատհ աշ-Շամ» և «Ահրաշ աշ-Շամ» խմբավորումների կրակի թիրախում են հայտնվել ինչպես խաղաղ բնակիչները, այնպես էլ այն զինյալները, որոնք որոշել են վայր դնել զենքը։

Նշվում է, որ մարդկանց ուղղությամբ կրակում են հրթիռային սարքավորումներից և դիպուկահար զենքերից։

Մարդասիրական միջանցքի ուղղությամբ կրակոցների մասին հայտնել են նաև Հալեպում RIA Novosti-ի թղթակիցները։ Նրանց տվյալով՝ կրակ է բացվում ականանետերից, հրաձգային զինատեսակներից, պայթեցվում են արկեր։

Reuters-ը գրում է, Բաշար Ասադի բանակը միջանցքներ է բացել Բուստան ալ-Կասր թաղամասի երկու հատվածներում և Կաստելլո ճանապարհի շրջանում, որտեղ մարդկանց սպասում են ավտոբուսներ՝ անվտանգ վայրեր տեղափոխելու համար։

Հիշեցնենք, որ Սիրիայի Հալեպ քաղաքում այսօր Ռուսաստանի հայտարարած «մարդասիրական դադարը» տևելու է մինչև ժ. 20:00-ն։

Այս ժամանակահատվածում դադարեցվելու են ռազմական գործողությունները։ Ենթադրվում էր, որ քաղաքը կարող են լքել ապստամբներն ու ջիհադիստ զինյալները, սակայն վերջինները հրաժարվել են հեռանալ արևելյան Հալեպից։

Նախապես ենթադրվում էր, որ «մարդասիրական դադարը» կտևի միայն 8 ժամ, սակայն ՄԱԿ-ը քննադատել էր այդ որոշումը՝ հայտարարելով, որ Հալեպի խաղաղ բնակիչներին տարհանելու համար անհրաժեշտ է նվազագույնը 12-ժամվա հրադադար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս