Արտեմ Ասատրյանը չի ծանոթացել ՀՀ առաջին նախագահի առաջարկներին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չի ծանոթացել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված առաջարկներին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ա.Ասատրյանը:
Անդրադառնալով կառավարության ծրագրին և իր ղեկավարած ոլորտի խնդիրներին` նախարարը նշեց, որ պետք է ապահովեն շփումներից զերծ և հնարավորինս մատչելի ծառայություններ, առաջիկայում կլինի առցանց դիմումների միջոցով սոցիալական իրավունքների իրացում, կենսաթոշակների համար դիմումները հնարավոր կլինի ներկայացնել ցանկացած բաժանմունք` անկախ բնակության վայրից, նաև կլինեն նոր ծրագրեր, օրինակ, զբաղվածության ոլորտում:
Ա.Ասատրյանի խոսքով` սոցիալապես անապահով շերտի համար գազի և էլեկտրաէներգիայի գնի հետ կապված ուսումնասիրությունները շարունակվում են, որպեսզի լինեն տարբերակված մոտեցումներ:
Դիտարկմանը, որ թոշակները և նպաստները կրկին չեն բարձրացվելու, նախարարը հակադարձեց, թե սոցիալական ոլորտի ծախսերը շարունակաբար ավելանում են, որևէ սոցիալական ծրագիր չի կճատվել և չի նախատեսվում կրճատել, միաժամանակ, նախատեսվում է նոր ծրագրերի իրականացում: Թե ինչպե՞ս պետք է կենսաթոշակառուները գոյատևեն 30-40 հազար դրամ կենսաթոշակով, Ա.Ասատրյանը համաձայնեց, որ դա բավարար չէ, խնդիրը ներկայացված է. «Այսօրվա սոցիալ-տնտեսական պայմաններում այսօրվա բյուջետային ծախսերը, որ իրականացվում են, դրանք որևէ ձևաչափով չեն կրճատվելու: Եթե ունենանք ավելացնելու հնարավորություն, իհարկե, առաջին հերթին կավելացնենք կենսաթոշակները»: