Բաժիններ՝

«Սովորաբար կոռուպցիոն ռիսկերը դրսևորվում են գնումների գործընթացում». Վարդան Արամյան

«Հինականում հարց է բարձրացվում, որ արտաբյուջեների մասով կան կոռուպցիոն ռիսկեր: Ես ձեզ վստահեցնում եմ` արտաբյուջեները հաստատվում են և կառավարվում են այնպես, ինչպես բյուջետային գործընթացում այլ ծախսերը: Այսինքն` նույն ձևով նախագծերը հաստատվում են, նույն ձևով ընթանում է գնումների գործընթացը: Սովորաբար կոռուպցիոն ռիսկերը դրսևորվում են գնումների գործընթացում: Այդ մասով ես ձեզ ասեմ, որ մենք ունենք մշակած նոր օրենք, որն այդ ամբողջ գնումների գործընթացում կանոնակարգում կմտցնի, կբարձրացնի թափանցիկությունը, պատասխանատվությունը: Նույնը կտարածվի նաև արտաբյուջետային միջոցների վրա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահի առաջարկը` վերացնել պետական գերատեսչությունների արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները:

Անդրադառնալով Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) հայտարարությանը, որ նոր կառավարության ծրագրով մտածողություն է փոխվելու և այլևս թվեր չեն նկարվելու, ինչը եղել է նախկինում, Վարդան Արամյանը նշեց, որ իրենց առաջին նպատակն է՝ ներկայացնել իրատեսական բյուջե.

«Դա նշանակում է, որ բյուջեն պետք է ներկայացվի տնտեսական զարգացումներին համահունչ: Գերծրագրավորումը հարկերի մասով և թերծրագրավորումը ծախսերի մասով միշտ էլ խոչընդոտներ և պրոբլեմներ է առաջացնում ընդհանուր տնտեսական համակարգի համար: Այդ մասով ես ամբողջութամբ կիսում եմ Դաշնակցության տեսակետը»:

Վ. Արամյանը դժվարացավ գնահատական տալ, թե երբ է եղել թվերի նկարչություն.

«Ես ձեզ անկեղծ ասեմ, որովհետև մեր հիմնական նպատակը պետք է լինի, որ ապագային նայելով՝ մենք ներկայացնենք բոլոր մեր ծրագրերը, որոնք պետք է լինեն իրատեսական և իրագործելի, համահունչ մեր ռեսուրսներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս