Արծվիկ Մինասյանը՝ սուպերմարկետներում տոպրակների վաճառքի մասին

«Առաջնահերթությունները վերաբերում են շրջակա միջավայրի՝ որպես ինքնին կապիտալի ընկալմանը և դրա հենքի վրա բնապահպանական քաղաքականության իրականացմանը։ Մասնավորապես խոսքը նրա մասին է, որ ըստ էության, շրջակա միջավայրը մինչ այժմ նաև միջազգային մակարդակում հաճախ դիտարկվել է՝ որպես ռեսուրս, որը պետք է ձևափոխվի, վերափոխվի, որպեսզի ստեղծվի նոր արժեք։ Մինչդեռ, եթե դա դիտարկում ես՝ որպես ինքնին կապիտալ, այսինքն՝ արդեն արժեք ունեցող, հարկավոր է վերանայել մի շարք ծրագրեր, այդ թվում՝ նաև մի շարք տնտեսական ծրագրեր, որոնց հիմքում պետք է լինի հենց շրջակա միջավայրի՝ որպես այդպիսին, արժեք ունենալը»,- այս մասին կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ խոսելով բնապահպանության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններից։

Նա նշեց, որ այս հարցը ներկայումս նաև Եվրոպական միության շրջանակներում է, խիստ կարևորվում է։ Անդրադառնալով էկոլոգիական քաղաքականությանը՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ բազմաթիվ ուղղություններում բացակայում է էկոլոգիական մտածելակերպը։

Պատասխանելով հարցին, որ քաղաքացիները շարունակում են բողոքել տոպրակների վաճառքից, արդյոք դա բիզնեսի՞ համար է արվում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Չէ, իրականում այդ գաղափարի իրականացումը բիզնեսի համար ծառայելու նպատակ չի հետապնդել։ Հակառակը՝ երկու հիմնական նպատակ է հետապնդել՝ նախ՝ բեռնվածություն ապահովել, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները գնան ավելի շատ էկոլոգիապես մաքուր տոպրակների արտադրության կամ դրանց կիրառմանը՝ սպառողների իրավունքների պաշտպանության տեսակետից։ Երկրորդը՝ շրջակա միջավայրի վրա այդ էկոլոգիապես ոչ մաքուր արտադրանքի բացասական ազդեցությունը նվազեցնելն է։ Սա հնարավորություն կտա հետագայում քաղաքականությունը վերանայել շատ ավելի խորքային և չի վերաբերի միայն տոպրակների, այլ շատ այլ հարցերի նույնպես»։

Տեսանյութեր

Լրահոս