«ԼՂ հակամարտության կարգավորման բովանդակային բանակցությունները պետք է հանգեցնեն ստատուս քվոյի փոփոխության». Մամեդյարով
Լեռնային Ղարաբաղի շրջանը միշտ եղել է, կա ու կլինի Ադրբեջանի անբաժանելի մաս, ասվում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հոդվածում, որտեղ նա անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
Նա դարձյալ Հայաստանին մեղադրել է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը չկատարելու, բանակցային գործընթացում «բարի կամք չդրսևորելու» մեջ և նշել, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ջանքերը արդեն ավելի քան 20 տարի արդյունք չեն տվել։
«Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, թե պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առարկայական բանակցությունների։ Բովանդակային բանակցությունները պետք է հանգեցնեն ստատուս քվոյի փոփոխության և ադրբեջանական տարածքների ազատագրման»,- գրել է Մամեդյարովը։