Աբրահամ Խաշմանյանն առաջին անգամ խոսում է հրաժարականի պատճառների մասին
Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի՝ արդեն նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրաժարականի հետ առաջին անգամ խոսեց թիմը լքելու որոշման մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում փորձառու մասնագետը, մասնավորապես, փաստեց. «Գավաթի խաղից հետո թիմի ղեկավարը մտավ հանդերձարան, խիստ դժգոհություն արտահայտեց՝ այդ ընթացքում ազատելով 4-5 ֆուտբոլիստի, անվստահություն հայտնեց ինձ և մարզչական շտաբին՝ հայտարարելով, որ մյուս խաղին թիմը կնախապատրաստի այլ մարզիչ: Իմ այս որոշումը ակնթարթային էր: Իրեն հարգող ցանկացած մարզիչ կաներ նույնը: Ես երեք տարի «Ալաշկերտ»-ում էի, և մենք թիմի հետ հասել էինք աննախադեպ հաջողությունների թե միջազգային ասպարեզում, թե Հայաստանում»:
Խոսելով բուն հանդիպման մասին՝ Խաշմանյանը շեշտեց, որ թիմը լավ հանդիպում անցկացրեց և ստեղծեց բազմաթիվ գոլային պահեր, իսկ Յուրի Ֆոմենկոն կարող էր աչքի ընկել 3-4 անգամ: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմի ֆուտբոլիստներին՝ իրենց պրոֆեսիոնալ մոտեցման համար, ինչպես նաև իմ մարզչական շտաբին և ակումբին՝ համագործակցության համար: Հաջողություն եմ մաղթում «Ալաշկերտ»-ին»,-եզրափակեց նա:
Աբրահամ Խաշմանյանը «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2014 թվականի հունիսի 10-ին: