
Օլանդը Հալեպի ռմբակոծությունները ռազմական հանցագործություն է անվանել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ են արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին երկարաձգել Հալեպի ռմբակոծությունների «մարդասիրական դադարը»։
Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Մի քանի ժամով դադարն անիմաստ է»,- Մերկելի և Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Երկու երկրների ղեկավարները Սիրիայի վիճակը քննարկել էին Պուտինի հետ Բեռլինում կայացած «նորմանդյան քառյակի» հանդիպումից հետո։
Գերմանիայի կանցլերը Պուտինի հետ բանակցությունները նկարագրել է որպես «ծանր»։
Օլանդը Մերկելի և Պուտինի հետ հանդիպումից հետո Հալեպին հասցվող ավիահարվածներն անվանել է ռազմական հանցագործություն։
«Այն, ինչ տեղի է ունենում Հալեպում, ռազմական հանցագործություն է։ Գլխավոր պահանջներից մեկը Հալեպի ռմբակոծությունները ռեժիմի և նրա դաշնակիցների ուժերով դադարեցնելն է»,- հայտարարել է Օլանդը։
Մերկելը, իր հերթին, քաղաքի ռմբակոծություններն անվանել է «անմարդկային ու դաժան»։