
«Բոլորովին անսպասելի չէր, որ սահմանային միջադեպերը վերսկսվելու են». քաղաքագետ

Քաղաքագետ Նարեկ Գալստյանի կարծիքով՝ բոլորովին անակնկալ չէր վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ արձակվող կրակոցների ինտենսիվությունը:
«Ապրիլյան դեպքերից հետո էլ գոնե մեր փորձագիտական միջավայրում հստակ ամրագրվեց այն մոտեցումը, որ սահմանային միջադեպերը չեն վերանալու: Դրանք ժամանակավորապես սառեցվել էին մինչեւ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների համաձայնեցումը, որից հետո վերակենդանացան: Իրականում, ոչ ոք էլ չի ակնկալում, որ դրանք կվերանան ընդհանրապես»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիտարկում կատարեց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմից հետո չնայած ներգրավված կողմերի փորձերին՝ գործընթացն այդպես էլ մնաց հայտարարությունների փուլում:
«Ուստի բոլորովին անսպասելի չէր, որ սահմանային միջադեպերը վերսկսվելու են: Մտահոգություն ունեմ, որ եթե դրանց ինտենսիվությունը ավելանա, բախման նոր սցենարի հավանակություն կլինի՝ միգուցե ոչ լայնամասշտաբ, բայց հնարավոր է: Պարզապես հստակ է, որ Ադրբեջանն իր դիրքորոշումը չի փոխել, եւ ոչինչ չի փոխվել, ինչը կազդեր Ադրբեջանի պաշտոնական տեսակետի վրա: Ուստի մենք, առաջին հերթին ապավինելով մեր ուժերին, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացումների՝ անգամ ոչ շատ մեծ մասշտաբի, քանի որ միջազգային հանրությունը մեր փոխարեն այդ խնդիրը չի լուծի»,-եզրափակեց Նարեկ Գալստյանը: