«Մեզ հիմա պետք է թռիչքաձև աճ ունենալ, մեզ պետք է թռիչքաձև տնտեսական փոփոխություն ունենալ»

Մեր զրուցակիցն է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը

– ՀՀԿ խորհրդի նիստում օրեր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայացրած կառավարության ծրագիրն ի՞նչ է խոստանում։

– Ծրագիրն ամբողջական երեկ է հաստատվել, ՀՀԿ խորհրդի նիստում ներկայացվել է ծրագրի նախնական տարբերակը։ Ես իմ նկատառումները բարձրաձայնել եմ, հուսով եմ, որ դրանք հաշվի կառնվեն։ Երեկ նույնպես հանդիպել ենք վարչապետի հետ, խոսել ենք։ Կարճաժամկետ միջոցառումների լայն ծրագիր է նախատեսվում, բացի այդ, նախատեսվում են նաև մի շարք միջոցառումներ, մասնավորապես` շատ լուրջ, էական փոփոխություն է արվել տնտեսական բլոկի մասով, որ բավականին հետաքրքիր է, կան ստանդարտ և ոչ ստանդարտ մոտեցումներ։ Կարճաժամկետ հատվածում փորձում է վեր հանել բոլոր խնդիրները, լուրջ խնդիրներ են դրված լուծելու մասնավորապես` հարկային-մաքսային վարչարարության մասով, պետական բյուջեի ծախսերի արդյունավետության գնահատման չափանիշների հետ կապված, պատասխանատվության մեխանիզմների բարձրացման հետ կապված, սոցիալական ոլորտում կան մի շարք միջոցառումներ։ Նախադրյալներ է ստեղծում դրական սպասումներն ավելի զարգացնելու։

Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ նիստի ժամանակ բախում եք ունեցել Կարեն Կարապետյանի հետ, մասնավորապես` գազի գնի հետ կապված։ Ի՞նչն է խնդիրը։

– Այդ հաղորդումը գնացել է թերթի միջոցով, կամ ինչ-որ մեկի միջոցով, որը գնացել ինչ-որ խաբար է տվել։ Կիսաինտելեկտուալ դեբիլներ լինում են, էլի, էն մյուսն էլ շարունակել է… Այո, իմ և պարոն Կարապետյանի միջև կա խիստ գործնական և լուրջ քննարկում, որովհետև ինձ շատ հաճելի է նրա նախաձեռնողականությունը, ոչ թե ինչ-որ մի խնդիր ունենալով, այսպես ասած, մոտիվացիաները, որ ինքը տնտեսական բլոկում ուզում է փոփոխություններ անել, որովհետև իրականում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` հանձինս իր ղեկավարի, համենայն դեպս այդ խնդիրները դրել է, և տնտեսական վերելքի ապահովման համար պետք է նորովի աշխատել։ Իսկ քաղաքական կուրսի փոփոխություն չկա, պարզապես իրականացման մեխանիզմների մեջ է խնդիրը։ Եվ պարոն Կարապետյանն ակտիվ ներգրավվել է տնտեսական բլոկի մեջ` ոչ ստանդարտ լուծումների մոտեցման առումով, և դա ինձ համար հոգեհարազատ է։

Այսինքն` ոչ մի անձնական խնդիր, որևէ հակամարտություն չկա՞։

– Իմ ու պարոն Կարապետյանի միջև՞։ Բայց ինչի՞ պետք է լինի, ի՞նչ է` ինքն իմ բիզնեսի ոլորտի վրա՞ է նստած, ես` ի՞ր բիզնեսի։ Բացարձակ։ Ես ասում եմ` ինչ-որ մեկը հարցը մի քիչ սխալ է հասկացել, կիսատ-պռատ ասել է, մյուսն էլ կիսատ-պռատ ըմբռնել ու գրել է։ Սենսացիա են ման գալիս։ Եթե մեր մեջ հակամարտության խնդիր լիներ, ո՞նց կարող է պատահի` նորից իրար հետ մի ժամ հարցեր քննարկեինք։ Բոլոր դեպքերում ես ուզում եմ, որ մեր երկրի կառավարությունը հաջողված լինի, որովհետև կառավարության գործունեությունն ամեն դեպքում ազդում է բոլորիս վրա։

Իսկ ինչո՞ւ նույն ազատությունները, նույն հնարավորությունները, նույն մեխանիզմները չտրվեցին Հովիկ Աբրահամյանի կառավարությանը, եթե երկուսի ծրագրերն էլ բխում են Սերժ Սարգսյանի ծրագրային հիմնադրույթներից։ Ինչո՞ւ է հաջողելու Կարեն Կարապետյանը, և ինչո՞ւ չհաջողեց Հովիկ Աբրահամյանը։

– Ես չեմ ասում` Հովիկ Աբրահամյանին ազատություն չի տրվել, տարբերությունը պրոցեսների իրականացման արագության մեջ է։

Հովիկ Աբրահամյանը դանդա՞ղ էր աշխատում։

– Պրոցեսների հետ է կապված, հիմա դանդաղ էր աշխատում, թե դանդաղ չէր աշխատում, որպեսզի համեմատական անցկացնեք, ահա 2012թ.-ի, 2014թ.-ի, 2016թ.-ի գործունեության ծրագրերը, ես համեմատական եմ անցկացնում։ Հասկանում եք, որովհետև կառավարության գործունեության ծրագրերում, բացի ընդհանուր դինամիկ զարգացում ապահովելու խնդիրներից, կան յուրօրինակ մոտեցումներ։ Բարեփոխումների գործընթացը, որպես այդպիսին, կարող է` դանդաղ չէր արվում, համահունչ էր արվում ծրագրին, բայց դա չէր բավարարում, որովհետև եթե խոսում ենք 2007-ից հետո կառավարությունների գործունեությունների մասին, մի բան է` խոսել 2012-ի մասին, մի այլ բան է` 2016-ի մասին։ Այն ժամանակ մենք ապրիլյան պատերազմ չէինք ունեցել, որոշակի դրսևորումներ չէինք ունեցել։ Այսինքն` դրանք ամեն մեկը մի այլ մարտահրավերներ են բերում։ 10 տարի առաջվա մոտեցումներն այսօր կիրառելի չեն։ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն էլ շատ բան արեց, բայց դա բավարա՞ր էր։ Իհա՛րկե ոչ։ Մեզ հիմա պետք է թռիչքաձև աճ ունենալ, մեզ պետք է թռիչքաձև տնտեսական փոփոխություն ունենալ։

Ընդդիմությունը կառավարության ծրագրին անվստահություն է հայտնում, ասում են, որ մի բան է թղթի վրա գրվածը, այլ բան է իրականությունը, առավել ևս, առաջին նախագահն ահազանգել է դեֆոլտի վտանգի մասին։ Ձեր կարծիքով` ընդդիմության մտահոգության պատճառը ո՞րն է։

– Քաղաքական կուսակցությունների հայտարարությունները պետք է դիտարկեք քաղաքական կոնտեքստով։ Այսինքն` ոչ բոլոր դեպքերում են այդ հայտարարությունները (նույն ձևով դիմությանն է դա վերաբերում) լիովին համապատասխանում իրականությանը։ Ես հստակ հայտարարում եմ` որևէ մեկ պարագայում Հայաստանի Հանրապետությանը դեֆոլտ չի սպառնում, անգամ, եթե այդ նախանշաններն էլ լինեն, բայց որևէ մեկ նախանշան չկա, որ Հայաստանի Հանրապետությունը գնում է դեֆոլտի։

Այդ դեպքում այս քաղաքական հայտարարության նպատակը ո՞րն էր։

– Քաղաքական հայտարարությունն ինձ համար անհասկանալի է, առավել ևս, եթե դա հնչել է ՀՀ առաջին նախագահի բերանից։ Այսինքն` ի՞նչ։ Այսինքն` եթե հանկարծ մեր մոտ ներդրող գա, վա՞տ է։ Եթե ես` Այվազյան Վարդանս, հանկարծ հայտարարեմ, որ դեֆոլտ է գալիս, ես` ո՜ւր, առաջին նախագահն` ուր։ Թույլ տվեք ես ենթադրություններ չանեմ, ես ինձ այնքան համեստ եմ պահում այդ հարցում, ես ո՞վ եմ, որ Հանրապետության առաջին նախագահի ասածը մեկնաբանեմ։ Մենք ունենք երկիր, որը բոլորիս համար սիրելի է` բոլոր դրսևորումներով։ Եթե ես ինչ-որ մի հայտարարություն եմ անում, մտածում եմ, որ դրսից ինչ-որ մեկը կարդում է ու ասում, որ, ա՛յ, տեսեք, Վարդան Այվազյանը պատգամավոր է, ասում է` հանկարծ դեֆոլտ կլինի։ Ես ասում եմ` դեֆոլտի որևէ մի նախանշան չկա, վճարունակության հետ կապված, արտաքին պարտքի սպասարկման, ներքին պարտավորությունների կատարման հետ կապված որևէ լրջագույն պրոբլեմ չկա, որ դեֆոլտ հայտարարվի։

Պարոն Այվազյան, կառավարության այս ծրագրի իրական արդյունքները ե՞րբ կտեսնենք, արդյոք կրկին ամեն ինչ թղթի վրա չի՞ մնա։

– Կառավարության գործողության ծրագիրն ունի կարճաժամկետ փուլ` 6 ամսվա, և այդ 6 ամիսները բարդ ամիսներ են լինելու, որովհետև շատ դեպքերում մենք արդեն դուրս ենք գալու նախընտրական շրջանի եզրափակիչ փուլ, և ամենափոքր դրսևորումներն էլ ներկայացնելու են ամենացցուն ձևով` որպես պրոբլեմներ։ Բնականաբար, ընդդիմությունը խաղալու է տնտեսական բլոկի վրա, սոցիալական ապահովության վրա, որոնք առաջնահերթ խնդիրներից մեկն են, իրենց հետ ծնող բոլոր հետևանքներով։ Տնտեսության աճը հիմնականում մարմնի կենսունակության պահպանման խնդիրն է։ Ուստի, բնականաբար, տեղի են ունենալու շատ տարբեր քննադատություններ, նաև, բնականաբար, լինելու են աջակցություններ։ Կարևորը` կառավարությունը քիչ սխալվելու ունակություն ունենա։

Հ.Գ. Դեֆոլտ` նշանակում է պարտքի գծով պարտավորությունները կատարելու անկարողություն։ Դեֆոլտ հայտարարելով` երկիրը (կամ ընկերությունը) խոստովանում է, որ ֆինանսական ճգնաժամի մեջ է և չի կարող մարել պարտքի գծով պարտավորությունները։

Տեսանյութեր

Լրահոս