«ՀՀ-ն չի կարողանում հասկացնել իր գործընկերներին, թե ում հետ ինչ հարաբերություններ է ցանկանում ունենալ»
«ՀՀ-ն կտրուկ պետք է փոխի իր արտաքին քաղաքական վեկտորները, պետք է կարողանա հստակություն մտցնել իր հարաբերություններում թե՛ ԵՄ-ի, թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ ԵՏՄ-ի և թե՛Ռուսաստանի հետ, հակառակ դեպքում՝ տպավորություն կա, որ հաճախ կան չասված, չքննարկված հարցեր, որոնք ի հայտ են գալիս, երբ խնդիրներ են առաջանում։
Երբ Նազարբաևը չի գալիս Հայաստան, մենք հասկանում ենք, որ Հայաստանը մինչև վերջ չի պարզել իր հարաբերությունները ՀԱՊԿ գործընկերների հետ։ Հայաստանը չի քննարկում իր խնդիրները բացեիբաց, ՀՀ-ն չի կարողանում հասկացնել իր գործընկերներին, թե ում հետ ինչ հարաբերություններ է ցանկանում ունենալ։ Եթե այս մասին հարցնենք ՀՀ նախագահի աշխատակազմի կամ ՀՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչներին, կասեն, որ ամեն ինչ ավելի քան հստակ է, բայց Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանը մինչև վերջ հավատարիմ չէ իրեն և կարող է ամեն պահի ուկրաինական սցենարով առաջ շարժվել, եվրոպական կողմը վստահ չէ, որ հայկական կողմն ամեն պահի կրկին չի հրաժարվի բանակցվող փաստաթղթից, ինչի ականատեսը դարձանք 2013թ.-ին, ՀԱՊԿ-ի անդամները վստահ չեն, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները չի զարգացնի, թեև Հայաստանը չի հայտարարում անդամակցության ցանկության մասին, բայց շարունակում է ինտենսիվ հարաբերություններ պահպանել ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաև՝ խորացնելով տնտեսական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ։ Հայկական կողմը սա համարում է կոմպլեմենտար քաղաքականությո՞ւն»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել ՄԱՀՀԻ-ի ասոցիացված փորձագետ, քաղաքագետ Գևորգ Մելիքյանը՝ գնահատելով ՀՀ արտաքին քաղաքականությունը։
Նա նշել է, որ արտաքին աշխարհում այդ քաղաքականությունը դիտարկվում է՝ որպես խուսանավող քաղաքականություն, ինչը Հայաստանը բացատրում է իր աշխարհաքաղաքական դիրքորոշմամբ։ «Բայց սա իրականում Հայաստանի արտաքին քաղաքականության խորապես չմշակվածության հետևանքն է. ռազմավարական պլանավորում, սցենարների մշակում իրականացված չէ, խնդիրներին տրվում են իրադարձային լուծումներ, դրանք էլ հանգեցնում են խնդիրների գործընկերների հետ, քանի որ Հայաստանը շատ արտաքին խաղացողների համար ընկալվում է անկանխատեսելի գործընկեր։ Պետք է լրջորեն մտածել այս հարցերի շուրջ»,- ասել է նա։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: