Կարեն Կարապետյանը կդառնա ՀՀ նախագահ
Կառավարության նոր ծրագրի ամենակարևոր կետն այն է, որ Հայաստանին անհրաժեշտ են ոչ ստանդարտ լուծումներ։ Այդ միտքը ծրագրում զետեղված է ու անցնում է այնպես, որպեսզի, ինչպես հավանաբար ցանկացել են դրա հեղինակները, այն ընկալվի՝ որպես ծրագրի փիլիսոփայություն կամ գաղափարախոսություն։ Գուցե՝ ստացվի։ Բայց որպեսզի ստացվի ոչ թե գուցե, այլ հաստատ, Կառավարությունը պետք է կատարի առաջին հայացքից շատ դժվար ու համարյա անհնարին քայլ։ Կամ՝ առաջին հայացքից շատ հեշտ ու այսրոպեաբար իրականանալի քայլ:
Դրա համար, ինչպես մի առիթով նշել ենք, Կարեն Կարապետյանը՝ յուր նախարարներով, պետք է սեղանին դնի ՀՀ Սահմանադրությունն ու տնտեսական, դատաիրավական, քրեաիրավական համակարգերը կարգավորող օրենսդրությունները։ Պետք է ոչ թե դնի սեղանին, այլ կարդա, ոչ թե ուղղակի կարդա, այլ պարտադրողաբար ու հանձնարարողաբար ու հետևողականորեն կարդա, ու այդպես կարդալով՝ դա դարձնի իր գործունեության ուղենիշ։ Ամեն ինչից ու ամեն մեկից բարձր ուղենիշ։ Անգամ՝ ամենաբարձրաստիճանից բարձր։
Եթե Կարեն Կարապետյանն արեց դա, ապա նրա ղեկավարած կառավարությունը՝ իր ծրագրով ու գործունեությամբ ու խնդիրների լուծմամբ, կլինի Հայաստանում ամենաոչստանդարտ կառավարությունը։ Որովհետև Հայաստանում ամենակարևոր ու գլխավոր «ստանդարտն» ամեն ինչ օրենքները շրջանցելով անելն է, հիմնական «ստանդարտը»՝ «ախպերը վեր ա օրենքից» կարգախոսն է կամ «շեֆի ասածն օրենք ա» մարազմը։
Եվ ուրեմն, եթե կառավարությունը դուրս եկավ այդ հանցավոր «ստանդարտներից», կդառնա ամենաոչստանդարտն ու ամենայուրահատուկը։ Ու՝ ամենաօրինականը։ Եթե Կարեն Կարապետյանին հաջողվեց դա, ապա դրական ազդեցություն կլինի ոչ միայն՝ պետության համար, այլ նաև՝ իր կարիերայի։
2017 թվականի ընտրություններում իշխանության հաղթանակը կարծես ածանցվելու է կառավարության գործունեությունից։ Իսկ դա նշանակում է՝ եթե ՀՀԿ-ն մնաց իշխանության, ապա մնալու է՝ Կարեն Կարապետյանի շնորհիվ։ Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ, եթե ՀՀԿ-ն չգնաց իշխանությունից, մնալու է նաև Կարեն Կարապետյանը։ Իսկ եթե ՀՀԿ-ն մնաց իշխանության 2017 թվականին ու անկախ դրանից՝ 2018 թվականին նախագահի պաշտոնից գնալու է Սերժ Սարգսյանը ու ազատվելու է արդեն սահմանադրական կամ արարողակարգային նախագահի պաշտոնը, որը Սերժ Սարգսյանը, իր հայտարարության համաձայն, չի ցանկանալու զբաղեցնել։ Ի տարբերություն վարչապետի պաշտոնի, որը, իր հայտարարությունների ենթատեքստերի համաձայն, կրկին չի ցանկանալու, բայց ստիպված է լինելու զբաղեցնել։
Այս սցենարում ՀՀԿ-ին ընտրություններում հաղթանակ ապահոված Կարեն Կարապետյանը, ամենայն հավանականությամբ, կդառնա նախագահ։ Դա ձեռնտու կլինի ինչպես՝ Սերժ Սարգսյանին, այնպես էլ՝ Ռուսաստանին՝ հայտնի պատճառներով։ Կարեն Կարապետյանին ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հարցում կարող է խանգարել միայն վերջին մի քանի տարիներին Հայաստանում բնակվելու սահմանադրական պահանջը, բայց հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի նախադեպը՝ դա հաղթահարելն ընդամենը մի տեղեկանքի հարց է։ Այսպիսով, Կարեն Կարապետյանը կարող է ոչ ստանդարտ, այսինքն՝ օրինական գործունեություն ծավալել մեկուկես տարի, դրանից հետո օրենքի խախտմամբ՝ դառնալ ՀՀ նախագահ։ Դա կլինի դարձ ի շրջանս յուր և դա կդառնա «Ռուսսկիյ ստանդարտ»։
Հարություն Ավետիսյան