Պետական ապարատում կառավարությունն իրականացնելու է օպտիմալացման մի շարք ծրագրեր

ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններից մեկն է լինելու պետական կառավարման համակարգի օպտիմալացումը: Այդ նպատակով գործադիրը նախատեսում է արդյունավետ կառավարման համար ավելացնել կառավարության անդամների պաշտոնական լիազորությունները և դրան համարժեք սահմանել հանրային-իրավական պատասխանատվություն: Առկա մարտահրավերների համատեքստում իրականացվելու է վարկային ծրագրերի արդյունավետության վերագնահատում և գերակայությունների սահմանում, պետական կառավարման մարմինների կողմից քաղաքացիներին և տնտեսավարող սուբյեկտներին կոռուպցիայից զերծ ծառայությունների մատուցման նպատակով ավելորդ ընթացակարգերի և օղակների վերհանում ու վերացում, առօրյա կյանքում նվազագույնի են հասցվելու պետական կառավարման մարմինների հետ անհարկի շփումները:

Ավելացվելու է նաև պետական կառավարման մարմինների հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, ինչպես նաև նրանց և քաղաքացիների ու տնտեսավարող սուբյեկտների միջև ստեղծվելու է արդյունավետ հետադարձ կապ: Կառավարության ծրագրով նախատեսվում է պետական կառավարման ապարատի ծախսերի կրճատում՝ հիմք ընդունելով իրականացվող գործառույթների անհրաժեշտությունն ու փաստացի իրականացումը, տեղի է ունենալու պետական կառավարման մարմիններում կրկնվող կամ անարդյունավետ գործառույթներից հրաժարում,քաղաքացիներին և ներդրողներին մատուցվող ծառայութ յունների որակը  բարձրացնելու համար ընդլայնվելու են «մեկ պատուհանի» սկզբունքով մատուցվող ծառայությունների համակարգերը՝ օգտագործելով գոյություն ունեցող հարթակները  և որպես ծառայություններ մատուցողներ, ներգրավելով նաև մասնավոր սուբյեկտներին:

Բոլոր հանրապետական գործադիր մարմինների համար սահմանվելու են կատարողականի առանցքային ցուցիչներ և ըստ դրանց վարկանշում, տարածքային կառավարման մարմինների գործունեության գնահատման նոր կարգ, ներդրվելու են հանրային ծառայողների մասնագիտական ունա­կու­թյուն­ների, ինչպես նաև աշխատանքային պարտականությունների կատարման աստի­ճանի գնահատման կատարողականության նոր չափանիշներ՝ հիմք ընդունելով պետական ծառայողի կերպարի արմատական վերափոխման հրամայականը:

2017 թվականին ներդրվելու է պետությանը պատկանող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների մշտադիտանցման կենտրոնացված համակարգ, ինչպես նաև այդ կազմակերպությունների գործունեության գնահատման համար որոշակի՝ հաշվարկային ցուցանիշների համակարգ:

Տեսանյութեր

Լրահոս