«4 տարի անց մենք հնարավորություն կունենանք մեր խոսքն ասել քաղաքականությունում». Ալասանիա
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ինքը չի ստացել ժողովրդի այնպիսի աջակցություն, որ շարունակի իր գործունեությունը քաղաքականությունում։
Նրա խոսքով՝ բացառված չէ, որ չորս տարի անց ինքը կվերադառնա քաղաքականություն, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«Մենք չենք ստացել բավականաչափ աջակցություն, որպեսզի շարունակենք գործունեությունը խորհրդարանում և իրականացնենք այն, ինչ պատրաստվում էինք, պլանավորում։ Այդ պատճառով ես անհրաժեշտ համարեցի հեռանալ քաղաքականությունից, և կուսակցությունը սկսեց վերակազմավորվել։
Այդուհանդերձ, 4 տարի անց մենք կունենանք հնարավորություն՝ մեր խոսքն ասելու քաղաքականության մեջ։ Կարծում եմ՝ հարկավոր է անել այն, ինչ կարևոր է մարդկանց ու հասարակության համար։
Ներկայումս ես տեսնում եմ, որ չեմ ստացել ժողովրդի նման աջակցություն, տեսնում եմ, որ ինձ պակասում է լեգիտիմությունը, որպեսզի շարունակեմ գործունեությունս քաղաքականության մեջ, սակայն երբ տեսնեմ, որ կարող եմ քաղաքականությամբ անհրաժեշտ գործ անել մարդկանց համար, չեմ բացառում, որ նորից կվերադառնալ քաղաքականություն։
Շատ ափսոս, որ ընտրությունները նման արդյունքներով ավարտվեցին»,- հայտարարել է Ալասանիան։