«Ես Վարդան Հարությունյանի քաղաքական կամքի չափման միավորը չգիտեմ». Հակոբ Հակոբյան
Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հորդորում է համբերել` տեսնելու համար, թե ինչ արդյունք կարող է ապահովել Կարեն Կարապետյանի կառավարությունը ստվերի դեմ պայքարում:
168.am-ի հարցին, որ Հովիկ Աբրահամյանն էլ իր նշանակումից հետո հավաքել էր գործարարներին և քննարկել ստվերից դուրս գալու հարցը, բայց արդյունքը տեսանելի չեղավ, այժմ ի՞նչ գործիքներով այս կառավարությունը կարող է հաջողել, Հ. Հակոբյանը պատասխանեց, որ գործիքն օրենսդրությունն է.
«Կարող են օրենսդրական փոփոխությունը 2-3 օրում բերել, և Ազգային ժողովը կընդունի: Քաղաքական կամք է պետք, բայց ես Վարդան Հարությունյանի քաղաքական կամքի չափման միավորը չգիտեմ»:
Թե ինչո՞ւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը չհաջողեց, երբ նույն քաղաքական կամքը կար, Հ. Հակոբյանը պատասխանեց` «ժամանակի խնդիր է, կապրենք՝ կտեսնենք»:
«Մեր երկիրը շատ փոքր երկիր է, այսօրվա ինֆորմացիոն դաշտում հասարակության բոլոր անդամները կարող են իմանալ՝ որտեղ ինչ է կատարվում: Ցանկացած քաղաքական գործչի հայտարարության համար մի քանի շաբաթ է պետք, որ կարողանանք գնահատական տալ»,- ասաց Հ. Հակոբյանը:
Հ.Հակոբյանի խոսքով` ստվերն ամեն դեպքում շատ վատ է ազդում կենսամակարդակի վրա.
«Ստվեր նշանակում է՝ պետական բյուջե չեկած որոշակի գումար, այդ գումարը չկա պետբյուջեում, որի բաշխմանը մասնակցի ամբողջ հասարակությունը, չհաշված տնտեսությանը հասցված ամբողջ վնասները»: