11 երիտասարդ ապահովվեց աշխատանքով
Չորս ամիս շարունակ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում մի խումբ երիտասարդներ մասնակցեցին «Enterprise Development using Java Technologies» ծրագրին, որն իրականացվում էր «IUNetworks» ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ համատեղ: Ինչպես տեղեկացրին ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից, ծրագրի արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներ Java և Web տեխնոլոգիաների ոլորտում: Ամենաբարձր որակավորում ունեցող դիմորդները՝ թվով 11 հոգի, հնարավորություն ստացան մասնակցել պրակտիկայի ծրագրին և աշխատանքի անցնել «IUNetworks» առաջատար ընկերությունում:
«Ծրագրի մասնակիցների ընտրությունն իրականացվել մի քանի փուլով՝ հարցազրույցների և թեստավորման միջոցով: Առհասարակ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի առաքելությունն է շուկայի պահանջներին համապատասխան որակյալ կադրեր վերապատրաստել ոլորտի ընկերությունների համար: Ուրախ ենք, որ այս նախաձեռնությունը ևս տվեց իր արդյունքը, և կենտրոնի իրականացրած կրթական դասընթացների շնորհիվ 11 երիտասարդներ ձեռք բերեցին համախատասխան գիտելիք ու աշխատանք»,- նշում է Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի ծրագրի ղեկավար Էմիլիա Հարությունյանը:
Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Կառավարության և Հնդկաստանի Կառավարության համատեղ ծրագիր, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Հայաստան) և C-DAC Կենտրոնի (Հնդկաստան) կողմից: Կենտրոնը տեղակայված է Երևանի պետական համալսարանում և կազմակերպում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դասընթացներ ուսանողների, մասնագետների, դասախոսների և առհասարակ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են և ցանկանում են սովորել ծրագրավորում: