
Իգոր Պոպովը՝ ԼՂ-ին հարակից 5 ազատագրված շրջանների հանձնման և համանախագահների՝ տարածաշրջան այցի մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը, ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք այցին, հայտնել է, որ իրենք նախատեսում են տարածաշրջան այցելել հոկտեմբերի երրորդ տասնօրյակին:
«Կայցելենք Ադրբեջան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ: Հանդիպումներ են նախատեսվում ղեկավարության, զինվորականների հետ: Նպատակ ունենք քննարկել մի շարք պայմանավորվածություններ, որոնք ձեռք են բերվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը:
Կքննարկենք բանակցային գործընթացի հետագա հեռանկարները՝ հաշվի առնելով առկա աշխատանքային առաջարկները: Կճշտենք ռազմական իրավիճակը հակամարտության գոտում, որը, մեր գնահատականների համաձայն, ապրիլյան իրադարձություններից հետո մինչև վերջերս համեմատաբար հանգիստ էր»,- հայտարարել է Պոպովը:
Անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկությանը, թե բանակցային գործընթացում քննարկվում է Ղարաբաղին հարակից 7 ազատագրված շրջաններից 5-ի վերադարձը Ադրբեջանին, Պոպովը նշել է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բազմիս հայտնել են իրենց կարծիքը ԼՂ շուրջ գտնվող տարածքների վերաբերյալ:
«Այս խնդիրն անհրաժեշտ է դիտարկել համալիր՝ հակամարտության կարգավորման մյուս բաղադրիչների հետ, ներառյալ՝ Ղարաբաղի կարգավիճակի որոշում, բոլոր փախստականների վերադարձ, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի պահպանում, խաղաղարար գործողության իրականացում:
Կարգավորման գործընթացը միասնական փաթեթ է և ցանկացած փորձ՝ դրանից դուրս բերել առանձին բաղադրիչներ, որոնց այս կամ այն կողմը տալիս է նախընտրություն, ապակառուցողական է»,- նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը: