«Հայերը Ֆրեզնոյում հայտնի են խաղողագործությամբ և չամիչ պատրաստելով»
ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում ապրում է մոտ 50 հազար հայ: Ֆրեզնոյի հայերը ներգրավված են ամենատարբեր ոլորտներում և նրանցից շատերը լուրջ հաջողությունների են հասել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրեզնոյում ՀՀ պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանը: Նրա խոսքով, թեպետ հայերը տարբեր ոլորտներում հաջողություններ ունեն, սակայ;ն հիմնականում առավել շատ ներգրավվածություն կա գյուղատնտեսության ոլորտում:
«Ֆրեզնոյի հայերը զբաղվում են հողագործությամբ: Նրանք մեծ ներդրում են բերում տնտեսությանը: Հայերի աճեցրած պտուղ-բանջարեղենն ուղարկվում է աշխարհի բոլոր անկյուններ: Հայերն այնտեղ հայտնի են խաղողագործությամբ և չամիչ պատրաստելով»,- ասաց Պերճ Աբգարյանը: Նա նշեց, որ Ֆրեզնոյում հայ համայնքը կարևոր դիրք ունի` թե ներդրմամբ, թե նյութատնտեսական կարգավիճակով, թե հարգանք վայելելով: Նա հիշեցրեց, որ 1920-ական թվականներին այդպես չի եղել, սակայն իրենց տքնաջան աշխատանքով, դժվարությունները հաղթահարելով` տարիներ անց հայերը կարողացել են բարձր դիրք զբաղեցնել:
Խոսելով հայ համայնքի խնդիրներից` Պերճ Աբգարյանը նշեց, որ հիմնականը շարունակում է մնալ լեզվի պահպանության հարցը: «Ֆրեզնոյում արդեն ապրում են 3-րդ, 4-րդ սերնդի հայեր, գնալով դժվարանում է լեզվի պահպանության հարցը: Այնտեղ ունենք ընդամենը մեկ հայկական դպրոց: Ստացվում է, որ լեզվի պահպանության նոր սերնդին փոխանցելու հիմնական բեռը ընտանիքի վրա է»,-ասաց Պերճ Աբգարյանը:
Ֆրեզնոյում փորձ է արվում իրականացնել մի շարք ծրագրեր, կյանքի կոչել տարբեր նախաձեռնություններ, որոնցով հայ համայնքը կկապվի հայրենիքի հետ: Այդ նախաձեռնություններից մեկը տեղի հայ համայնքի միջոցներով ԱՄՆ-ից Հայաստան բժիշկներ բերելն է, Հայաստանին բժշկական սարքավորումներ, դեղորայք նվիրաբերելն է:
«Այս նախաձեռնության շնորհիվ ոչ միայն ամերիկահայերն են համախմբվում, այլև տեղի հայերն են միմյանց ճանաչում, միմյանց կապվում: Երբ նախորդ տարի բժիշկներով այցելեցինք Հայաստան ու վերադարձանք, ներկայացրեցինք մեր կատարած աշխատանքը, ցույց տվեցինք արդյունքը, իրենք լավ զգացին, որ ներդրում ունենում հայրենիքում: Ահա թե ինչու են կարևոր նման ծրագրերը»,-ասաց Պերճ Աբգարյանը:
Առաջիկայում նախատեսվում է այլ ծրագրեր ևս իրականացնել: Պերճ Աբգարյանը նշեց, որ Սփյուռքի նախարարությունում անցկացվեցին քննարկումներ, կարծիքներ փոխանակեցին այն մասին, թե կոնկրետ ինչ նախաձեռնություններով պետք է հանդես գալ Սփյուռքի և հայրենիքի կապն ավելի ամրապնդելու համար: Պերճ Աբգարյանը տեղեկացրեց, որ նախատեսում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հրավիրել Ֆրեզնո, նրա այցելությունն ակնկալվում է դեկտեմբերին: