Նախարար Մանուկյանը Վրաստանում գտնվել է հետախուզման մեջ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի կենսագրությունում կա մի ուշագրավ հատված, որը, բնականաբար, բացակայում է նրա պաշտոնական կենսագրությունից: Խոսքը վերաբերում է քրեական հետախուզմանը:
Մանուկյանը 2012-2013 թվականներին Վրաստանի իրավապահների հարուցած քրեական գործով անցել է որպես մեղադրյալ եւ մոտ մեկ տարի գտնվել է հետախուզման մեջ:
Ժամանակին նա եղել է վրացական «Թելասի» էներգետիկ ընկերության գլխավոր տնօրեն: Քրեական գործը հարուցված է եղել կաշառակերության, փողերի լվացման, ապօրինի ձեռնարկատիրության եւ փաստաթղթերի կեղծմանն առնչվող հոդվածներով: Գործով անցել են բազմաթիվ մեղադրյալներ եւ նրանց թվում նաեւ՝ Աշոտ Մանուկյանը:
Վրացական մամուլը եւ ընդդիմությունը պնդում էր, որ այս քրեական գործն ունի ակնհայտ քաղաքական դրդապատճառներ, եւ հիմնական թիրախները եղել են Վրաստանի էներգետիկայի նախկին նախարար Ալեքսանդր Խետագուրին եւ կառավարության նախկին անդամ Նիկա Գվարամիան, որը հետագայում գլխավորում էր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: Ամիսներ շարունակ տեւած դատավարությունը ավարտվել է արդարացնող դատավճռով: Արդարացվել է նաեւ Աշոտ Մանուկյանը: Ըստ Մանուկյանի պաշտոնական կենսագրության՝ նա 2011-2015 թվականներին, այսինքն՝ հետախուզման մեջ եղած ժամանակահատվածում եղել է «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ գլխավոր տնօրենը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: