«Հայաստանում տարբեր կոսմետիկ միջոցների բուրգեր են գործում անօրինական, հսկայական մեծ շրջանառություններով». Նաիրա Զոհրաբյան
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին քննարկվում է նաև Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը վերաբերում է ֆինանսական բուրգերին և դրանց կարգավորմանը։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցով դիմեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին. «Ակնհայտ է, որ Հայաստանում տարբեր կոսմետիկ միջոցների բուրգեր են գործում անօրինական, հսկայական մեծ շրջանառություններով, ինչպես նաև սննդային հավելումների բուրգեր, որոնք առողջությանը վնաս են, որոնք հսկայական եկամուտներ ունեն։ Դրանք աղանդավորական սեկտաներ են, որովհետև այստեղ գործում է ներքին սեկտանտիզմը, ով ինչքան շատ մարդ կներգրավի՝ նշյալ ապրանքատեսակն ավելի շատ մարդկանց վրա սաղացնելու գործում։ Այստեղ նաև Առողջապահության նախարարությունը պետք է զգոն լինի։ Դա ստվերային գործունեություն է, դա կարգավորվո՞ւմ է նշված օրենքով։ Այդ ոլորտն ընդհանրապես ինչպե՞ս է կարգավորվում»։
Ի պատասխան՝ Ն. Երիցյանն ասաց, որ այդ ցանցային մարքետինգի ու բուրգերի հասկացողության սահմանը դժվար է տարանջատելը, և սահմանումն այնպես է տրված, որ նորմալ տնտեսական գործունեոթյուն իրականացնող, ցանցային մարքետինգ իրականացնողները չընկնեն այդ օրենսդրության տակ։
«Եթե հետևում կա արտադրող կամ ներկրող, որը մարքետինգ է իրականացնում, դա ցանցային մարքետինգ է, այդտեղ արդեն պետք է այլ մարմիններ աշխատեն, եթե մեր առողջությանը վտանգ է սպառնում, կարելի է արգելել այդ ապրանքը ներկրել Հայաստան կամ վաճառել Հայաստանում»,- նշեց Ն. Երիցյանը։