«Ջոն Քերիի հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, թե ինչու ԼՂ հակամարտությունը չի կարգավորվել». Ալիև

Ռուս հաղորդավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար դեռևս պայմաններ չեն ձևավորվել», ասել է, թե դա «դիվանագիտական կազուս» է և Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն արձագանքնել է այդ «անտեղի հայտարարությանը»։

«Այդ առնչությամբ ես հոկտեմբերի 7-ին հստակ արտահայտվել եմ նախարարների կաբինետի նիստի ժամանակ։ Ես ասել եմ, որ առնվազն անխղճություն է Ադրբեջանին մեղադրել հակամարտության չկարգավորված լինելու մեջ»,- ասել է Ալիևը։

«Չէ՞ որ այդ հայտարարությունն ամբողջությամբ հակասում է ԱՄՆ-ի դիրքորոշմանը, նախագահ Օբաման Ռուսաստանի և Ֆրանսիայի մյուս նախագահների հետ հայտարարություն է արել, որ ստատուս քվոն անընդունելի է։

Եվ ահա ԱՄՆ պետքարտուղարը հայտարարում է, թե չի տեսնում կարգավորման ելքը, ավելին, նա խոսում է այն մասին, որ այդ հակամարտությունը դժվար է կարգավորել, քան Պաղեստինի հակամարտությունը։

Ի՞նչ ազդակ է նա ուղարկում և ո՞ւմ։ Դա միանգամայն անընդունելի հայտարարություն է։ Եվ այդ հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, թե ինչու հակամարտությունը չի կարգավորվել։ Ահա, թե ինչու։ Որովհետև գոյություն ունեն որոշումներ, միջազգային կազմակերպությունների բանաձևեր, որոնք կյանքի չեն կոչվում»,- հայտարարել է Ալիևը՝ նշելով, թե Հայաստանի վրա, ի տարբերություն Ադրբեջանի, ճնշումներ չեն գործադրվում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սեպտեմբերի 29-ին կարծիք էր հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար դեռևս պայմաններ չեն ձևավորվել: Նրա խոսքով` ժամանակակից աշխարհում կան որոշ սառեցված հակամարտություններ, որոնց թվում է և ղարաբաղյան հակամարտությունը, որոնցում ներկայում չի դիտարկվում կարգավորման հնարավորությունը, քանի որ նախ և առաջ «առաջնորդները դրան պատրաստ չեն»:

Տեսանյութեր

Լրահոս