«Մենք խաղաղություն ենք ցանկանում տարածաշրջանում, սակայն ցանկանում ենք վերադարձնել մեր տարածքները». Ալիև
Ռուս հաղորդավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, դարձյալ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը պատմականորեն «Ադրբեջանի անբաժանելի մասն է, այդպես եղել է միշտ»։
Ալիևը, շարունակելով Հայաստանի հասցեին մեղադրանքները և կեղծելով պատմական փաստերը, հայտարարել է, թե ԼՂ-ից արտաքսվել է ավելի քան 40 հազար ադրբեջանցի, Հայաստանից՝ ավելի քան 200 հազար։
«Միջազգային իրավունքը մեր կողմից է։ Աշխարհի ոչ մի այլ երկիր, ներառյալ՝ Հայաստանը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը։ Դա այդպես է, սակայն հարցը չի լուծվում։ Գլխավոր պատճառը, թե ինչու չի լուծվում, այն է, որ Հայաստանը չի ցանկանում լուծել։ Նրանք ցանկանում են, որ ստատուս քվոն մնա անփոփոխ»,- հայտարարել է Ալիևը՝ Հայաստանին մեղադրելով նրանում, որ հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծումից ի վեր «ամեն գնով արգելափակում է բանակցային գործընթացի ցանկացած փոքրիկ առաջընթաց»։
«Մեր դիրքորոշումն այն է՝ որտեղ մարդիկ ապրել են, այնտեղ էլ պետք է ապրեն։ Լեռնային Ղարաբաղի հայերն ինչպես ապրել են այնտեղ, այնպես էլ թող ապրեն, մենք դեմ չենք։
Առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման այդ շրջանում չի կարող զարգացում ապահովվել, նրանք մշտապես կապրեն որոշակի ճնշման ներքո՝ մտածելով, որ հանկարծ ինչ-որ բան տեղի կունենա։
Մենք խաղաղություն ենք ցանկանում տարածաշրջանում, և մեր դիրքորոշումը բավական կառուցողական է, սակայն մենք ցանկանում ենք վերադարձնել մեր տարածքները։ Հայաստանը ցանկանում է խաղաղություն, սակայն չի ցանկանում հանձնել ուրիշի հողերը։
Միջնորդները, աշխարհի առաջատար երկրները, Անվտանգության խորհրդի մշտական անդամները մեզ ասում են՝ ԼՂ հակամարտությունն անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով»- ասել է նա։