«Վարդան Օսկանյանի պարծանք մադրիդյան սկզբունքներում պետք է փոփոխություններ անել». Լարիսա Ալավերդյան
«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Ղարաբաղի հարցում որևէ ակնկալիք չպետք է լինի առնվազն մինչ այն պահը, երբ Մադրիդյան սկզբունքներում տեղի ունենան փոփոխություններ։
«Եթե մադրիդյան սկզբունքներում փոփոխություն չնշմարվի, չասվի ինչ-որ նոր բան, չեմ կարծում, թե հիմքեր ունենք՝ ակնկալիքներ ունենալ այս կամ այն կարևորագույն հավաքից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ՀԱՊԿ գագաթաժողովից հասարակության մի հատվածի սպասելիքներին՝ նշեց նա։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն դեռ կայացման ճանապարհին է.
«Ցանկացած միավորման մեջ միաձայնությունը լավ բան չէ, բայց հայտարարություններն արվում են կոնսենսուսի գալուց հետո։ Այն, որ դա տեղի չի ունեցել, խոսում է այն մասին, որ ՀԱՊԿ-ն դեռ ճանապարհ ունի անցնելու, անդամ պետություններն ունեն չքննարկված հարցեր, ու համաձայնության գալու համար ավելին է պահանջվում, քան իրենց թվում է»։
Լ. Ալավերդյանն ընդգծեց՝ Հայաստանի հասարակությունն այլևս չունի այն միանշանակ կարծիքը, որ առանց ՌԴ-ի՝ ոչինչ չի ստացվելու, բազմակարծություն կա, ու ըստ նրա՝ չարժեր, որ այս պայմաններում ՀԱՊԿ-ն աներ այնպիսի հայտարարություններ, որոնք կարող էր չանել։
«Լավրովի ու Պուտինի խոսքերը մեծ արձագանք գտան։ Լավրովն ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր պատգամավորներից ստացել է բավականին կոշտ արձագանք։ Լավրովի ծագումը մեծ քաղաքականության մեջ ոչ մի նշանակություն չունի։ Նա շատ լավ է ներկայացնում ՌԴ ազգային շահերը։ Մեր խնդիրն այն է, որ չակնկալենք Լավրովից այլ բան, քան այդ պետության շահերի պաշտպանությունը»,- ասաց Լ. Ալավերդյանը։
Նա նկատեց, որ Հայաստանի ու ԼՂՀ-ի ազգային շահերը լիովին համապատասխանում են այս տարածաշրջանում ապրող բոլոր պետությունների շահերին.
«Սա է տարբերում երկու հայկական պետությունների ազգային շահերը, օրինակ՝ Ադրբեջանի շահերից։ Ադրբեջանի ազգային շահերն ուղղակի հակադրվում են ոչ միայն իր կազմում գտնվող ժողովուրդների շահերին, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի շահերին։ Շատ կարևոր է, որ մամուլում հստակեցվի ազգային շահերի տարբերությունը, ըստ որոնց՝ հայկական պետությունները միայն միասին ունեն ապագա»։
168.am-ի հարցին՝ հաշվի առնելով ռուս-թուրքական մերձեցումն ու ռուսական կողմի հայտարարությունները, հնարավո՞ր է, որ առաջիկայում Թուրքիան իրոք լուրջ դերակատարում ստանա ԼՂՀ հարցի շուրջ ծավալվող գործընթացներում, պատասխանեց.
«Թուրքիան ոչ մի դերակատարում չի ստանա, որովհետև խնդիրն այսօր չի ծագել։ Հայկական կողմի թողտվությամբ՝ Թուրքիան 1991թ. դարձավ Մինսկի խմբի անդամ։ Զարմանալի է, որ հայկական կողմն այս տարիների ընթացքում չգտավ մի տարբերակ, որով Իրանն անուղղակի կամ այլ մակարդակներով ընդգրկված լինի այս գործընթացներում։ Դա չի նշանակում, որ ես Իրանից դրական առաջարկություններ եմ ակնկալում, ուղղակի զարմանալի է, որ այդ պետության սահմանը կապված է ԼՂՀ-ին, բայց նա ընդգրկված չէ որևէ բանակցության մեջ։ Մինչդեռ Թուրքիան անքաղաքակիրթ ձևով իրեն դրսևորում է հակահայկական կողմ, ռիսկ է անում ասել, որ կցանկանա, իսկ Ռուսաստանն էլ կարճաժամկետ համագործակցության ներքո այդ առաջարկությունն ինչ-որ ձևով հնչեցնում է»։
Մեր դիտարկմանը՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բազմիցս առաջարկներ եղել են՝ միջնորդի դեր ստանձնելու, բայց հայկական կողմը չի արձագանքում, նշում են, որ Իրանի ներգրավվածությունը կխախտի ՄԽ ֆորմատը, Լ. Ալավերդյանն այսպես արձագանքեց.
«Դրա համար ես ֆորմատի մասին չխոսեցի։ Զարմանալի է, որ ՄԽ համանախագահները չեն գտնում որևէ եղանակ՝ Իրանին ընդգրկել որևէ բանակցային գործընթացների մեջ։ Այսինքն՝ պետք չէ, որ Իրանը դառնա ԵԱՀԿ անդամ։ Օրինակները բազմաթիվ են, երբ ֆորմատի մեջ գտնվող խումբը համագործակցում է այլ՝ վերին աստիճանի շահագրգիռ, ընդգրկված կողմի հետ»։
Վերջում հետաքրքրվեցինք, թե այս պայմաններում որո՞նք են հայկական կողմի անելիքները։
«Մեկը, ինչպես նշեցի՝ Վարդան Օսկանյանի պարծանք մադրիդյան սկզբունքներում փոփոխություններ անելն է։ Այդ սկզբունքների ներքո որևէ ռեալ քայլ հնարավոր չէ անել։ Երկրորդ՝ երբ Իրանն առաջարկություն է անում, դա Հայաստանի շահերից է բխում, ու հարևանության քաղաքականության ներքո պետք է կարողանալ գտնել այն ձևաչափը, որտեղ Իրանի ներկայացուցիչը կարող է հանդես գալ»։