Բաժիններ՝

«Կադրային քաղաքականության առողջ սկզբունքները վերևից պետք է դրվեն». Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց կառավարության կազմի փոփոխությունների, դպրոցների տնօրենների ընտրության հարցում վարչապետի նկատած խնդիրների մասին: Կառավարության վերջին նիստում կրթության ոլորտի պատասխանատուներին՝ ԿԳ նախարարությանը, մարզպետներին ու Երևանի քաղաքապետին, վարչապետը առաջարկել է յոթնօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել՝ հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթները բացառելու ուղղությամբ:

Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն անդրադառնալով բարձրացված թեմային՝ նկատում է.

«Հայաստանում կադրային քաղաքականության մեջ անհնար է խուսափել ծանոթ-բարեկամ ֆորմատով նշանակումներից: Ճիշտ կլիներ, եթե Կարեն Կարապետյանը հայտարարեր, որ կրթության ոլորտում ոչ մի արտոնյալ մարդ չպետք է լինի, այսպես նաև բացառելով շահերի բախումը: Ակնհայտ է, որ վարչապետը մտահոգություն ունի, և այդպես էլ պետք է լիներ, որովհետև ոլորտն իսկապես լուրջ խնդիրների առաջ է հայտնվել, բայց ուղերձը սխալ ուղղությամբ գնաց: Ցանկացած տնօրեն կարող է ասել՝ ինչո՞ւ ձեր բարեկամներին կարելի է բարձր պաշտոնների նշանակել, իսկ ինձ՝ ոչ: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես է ԿԳ նախարարն այդ հանձնարարականը կատարելու, որովհետև, եթե փորձի արգելող օրենք ընդունել, ապա դա մարդու իրավունքների խախտում է: Կադրային քաղաքականության առողջ սկզբունքը վերևում պետք է դրվի, թե չէ ներքևում»:

Անահիտ Բախշյանը մտահոգված է. «Այսօր շատ են դպրոցում հայտնված պատահական տնօրենները: Օրինակ բերեմ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի դպրոցում տիրող իրավիճակը: Այնտեղ Հասարակագիտության մի շատ պատրաստված ուսուցչուհի կա՝ Սիրամարգ Ղազարյանը, ով արդեն մի քանի տարի շարունակ չի կարողանում դառնալ դպրոցի տնօրեն, որովհետև մարզպետը չի ուզում: Պարզապես այս կինն ընդվզող, չլռող տեսակ է, ով համարձակություն է ունեցել բարձրաձայնելու դպրոցում կատարված չարաշահումների մասին, որը նրան չի ներվել: Մարզպետը բառացիորեն հայտարարել է՝ դպրոցի տնօրենը պետք է լինի իմ ընկերը, և վերջ: Սա է իրական պատկերը, որ տիրում է հանրակրթական դպրոցների ոլորտում»:

Կարդացեք նաև

Խոսելով առաջարկվող քայլերի մասին՝ Անահիտ Բախշյանն ընդգծում է. «Դպրոցներում շատ խնդիրներ լուծում կստանան, եթե դպրոցները գտնվեն Կրթության և գիտության նախարարության ենթակայության ներքո, այլ ոչ՝ մարզպետարանների: Մարզպետարաններում շատ քիչ են կրթությամբ մտահոգ անձինք: Մարզպետարաններն ու Երևանի քաղաքապետարանն իրենց տեր ու տիրական են զգում հանրակրթական դպրոցներում, անգամ դպրոցի հավաքարարին նշանակում է մարզպետը: Դա հնարավո՞ր բան է: Իսկ եթե դպրոցները հայտնվեն համայնքապետարանների ենթակայության ներքո, դա կարող է կործանարար լինել դպրոցի համար, ուղղակի մեկը մյուսի հետևից կփակվեն դպրոցները՝ պատճառաբանվելով, թե համապատասխան ֆինանսավորում չկա, ինչպես պատահեց համայնքապետարանների վերահսկողության ներքո հայտնված մանկապարտեզների հետ»:

Ասուլիսի ընթացքում Անահիտ Բախշյանը կարևորեց նաև ԿԳ նախարարի հոկտեմբերի 11-ին ստորագրած հրամանը, որով սահմանվել է 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացակարգը:

«12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը նվիրված է կրկնությանը: Կախված այն բանից, թե ինչպես կիրականացվի նախարարի այդ հրամանագիրը, կերևա, թե դպրոցի տնօրենը որքանով է ստեղծագործ մոտենում ու որքանով է մտահոգ»,- նկատեց Անահիտ Բախշյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս