Վլադիմիր Սոլովյովն ու Մարգարիտա Սիմոնյանը կլինեն Կիսելյովի երևանյան «Գրիբոյեդով» ակումբի հերթական հյուրերը

Երևանում ռուս հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովի համակարգմամբ գործող հայ-ռուսական «Գրիբոյեդով» քննարկումների ակումբի առաջիկա ամիսների հյուրերը հայտնի են։ «Գրիբոյեդով» ակումբի տնօրեն, Կիսելյովի օգնական Օլգա Տրետյակովան իր ֆեյսբուքյան էջում ակումբի մասնակիցներին տեղեկացրել է, որ դեռ հստակ չեն ակումբի ծրագրերը հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար։ «Դեկտեմբերի 12-ին ժամանում ենք Վլադիմիր Սոլովյովի հետ, իսկ հունվարի 23-ին՝ Մարգարիտա Սիմոնյանի»,- տեղեկացրել է նա։

168.am-ի տեղեկությունների համաձայն՝ «Մենամարտ» և «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումների հեղինակի հետ հանդիպումը կկրի «Վլադիմիր Սոլովյովը «Գրիբոյեդով» ակումբում» խորագիրը։ Տեղեկացնենք, որ Սոլովյովը Ռուսաստանում հայտնի և ՌԴ իշխանությունների կողմից բավականին հարգված իշխանամետ հեռուստալրագրող է։ 2015թ. շրջանառության մեջ հայտնված «Նախագահը» և «Աշխարհակարգ» վավերագրական ֆիլմերի հեղինակն է, աչքի է ընկնում հայամետ դիրքորոշմամբ։ Իսկ Մարգարիտա Սիմոնյանը «Ռուսաստանն այսօր»  լրատվական գործակալության և հեռուստաընկերության գլխավոր խմբագիրն է, ում հետ հանդիպումը կանցնի «2017-ի սկիզբը Մարգարիտա Սիմոնյանի հետ» խորագրի ներքո։ Նա ևս Ռուսաստանում հայտնի է իր իշխանամետ դիրքորոշմամբ, ով  չափազանց հաճախ է հայտնվում մամուլում իր՝ Արևմուտքին ուղղված կոշտ ու վիրավորական մեկնաբանություններով։ Ավելին, ենթադրաբար՝ հենց այդ քաղաքականության հետևանքով օրերս Միացյալ Թագավորությունում սառեցվել են հեռուստաընկերության բոլոր բանկային հաշիվները։

Հիշեցնենք, որ «Գրիբոյեդով» ակումբը, որի հիմնադիրը Կրեմլի քաղաքականության քարոզիչ, հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովն է, Հայաստանում գործում է շուրջ երկու տարի։ «Գրիբոյեդով» ակումբի հավաքները, ըստ ավանդույթի, տեղի են ունենում ամիսը մեկ անգամ  երևանյան էլիտար ռեստորաններից որևէ մեկում։ Յուրաքանչյուր հանդիպմանը Կիսելյովը ներկայացնում է մեկ գործչի Ռուսաստանից, ով գրիբոյեդովականների հետ խոսում է որոշակի թեմայի շուրջ։

Կիսելյովի հյուրերը երբեք Ռուսաստանի լիբերալ թևի անդամները չեն լինում, այլ հիմնականում՝ պուտինյան քաղաքականության տարբեր քարոզիչներ, ինչպիսին է Ալեքսանդր Դուգինը, Իրինա Ռոդնինան, Իգոր Կորոտչենկոն, Սերգեյ Կուրղինյանը և այլք։ Հավաքներին մասնակցելու համար Հայաստան է ժամանում անձամբ Դմիտրի Կիսելյովը և նրա օգնականը, ով  կազմակերպում է հանդիպումները։ «Գրիբոյեդով» ակումբի անդամների պնդմամբ՝ հանդիպումներն անցնում են հետաքրքիր մթնոլորտում, քննարկվում են ամենատարբեր թեմաներ։

Տեսանյութեր

Լրահոս