Թևան Պողոսյանը հուսով է՝ Ընտրական օրենսգիրքն այլևս մարդկանց առողջության վրա ազդեցություն չի ունենա
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Թևան Պողոսյանն անդրադարձավ նախագծի վերաբերյալ տարբեր գերատեսչությունների կողմից տրված եզրակացություններին։
Նա նկատեց, որ Առողջապահության նախարարության կողմից տրված եզրակացությունն ասում է, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում՝ առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա. «Հուսով եմ, որ այս օրենքի նախագիծն ընդունելուց հետո այլևս չի ունենա, այնպիսի դեպքեր, ինչպիսին Էջմիածնում կամ հետընտրական Վանաձորում եղան, չեն լինի»։
Նա նշեց, որ եզրակացության մեջ գրված է, որ հակակոռուպցիոն գործընթացների վրա նույն ձևով ազդեցություն չի ունենալու. «Էլի հույս հայտնենք, որովհետև այստեղ քիչ ելույթներ չեղան, որ, այնուամենայնիվ, ընտրական գործընթացում շատ ու շատ կոռուպցիոն գործընթացներ են լինում, հուսանք՝ դրանց դեմը կառնեք։ Ասում է՝ օրենքի ընդունումը մրցակցային դաշտի վրա ազդեցություններ չի հայտնաբերել։ Բոլորս խոսում ենք, որ ընտրական համակարգը պետք է լինի մրցակցային, հուսով եմ, որ սրանից հետո այնուամենայնիվ, կձևավորեք մեխանիզմ, որ չասենք՝ չեզոք է լինելու, այլ ասենք, որ կնպաստի բարձրացմանը մրցակցային գործընթացի»։
Ըստ Թ. Պողոսյանի՝ միակ ճշմարտությանը համապատասխանող եզրակացությունը երևի սոցիալական ոլորտի ազդեցությունն է. «Որտեղ ասում է՝ չեզոք է լինելու, ինչը երևի մի քիչ ազնիվ լինի, այսինքն՝ ոնց էլ ընտրեք, ժողովուրդ ջան, ձեր սոցիալական կյանքում ոչինչ չի փոխվելու»։