
Amnesty-ն նախազգուշացնում է Մոսուլի ազատագրման ժամանակ սուննիների իրավունքների հնարավոր խախտման մասին

Իրավապաշտպան Amnesty International (AI) կազմակերպությունը նախազգուշացնում է, որ վտանգ կա՝ կապված Մոսուլը Իրաքի կառավարական զորքերի ու շիա զինված զորամիավորումների կողմից ազատագրելիս սուննի բնակչության իրավունքների խախտման հետ։
Կազմակերպության 70-էջանոց զեկույցում տվյալներ են ներկայացված անօրինական մահապատիժների, կտտանքների և մարդկանց անհետացման մասին Էլ-Ֆալուջա քաղաքում, որը ազատագրվել էր ԴԱԻՇ-ից։
«Այն բանից հետո, երբ արաբ սուննիները անցան պատերազմի սարսափների և ԴԱԻՇ-ի սպառնալիքի միջով, նրանց սպառնում են վրեժխնդրության դաժան ակցիաներ կառավարական զորքերի և այլ զինված խմբավորումների կողմից։ Նրանց պատժում են ԴԱԻՇ-ի հանցագործությունների համար»,- հայտարարել է կազմակերպության՝ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ծրագրերի տնօրեն Ֆիլիպ Լյութերը։
AI-ի զեկույցը հիմնված է 470 նախկին բանտարկյալների, ականատեսների ու զոհերի ազգականների վկայությունների վրա։ Այդտեղ տեղ գտած ռազմական հանցագործությունները չպետք է կրկնվեն Մոսուլի գրավման ժամանակ, վստահ են իրավապաշտպանները։