ԼՂ հակամարտության սառեցումը ցանկացած պահի կարող է հանգեցնել պատերազմի. Նովրուզ Մամեդով
Լեռնային Ղարաբաղի հակամարտության սառեցումը ցանկացած պահի կարող է հանգեցնել պատերազմի։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը, ասված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովի հոդվածում, որն այսօր հրապարակվել է «Ադրբեջան» թերթում։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հիմնական խոչընդոտ է ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար»,- ասել է Մամեդովը։
Նրա խոսքով՝ ԼՂ հակամարտության լուծումը և տարածքային ամբողջականության վերականգնումն այսօր Ադրբեջանի առաջ ծառացած ամենամեծ մարտահրավերն է։
«Ավելի քան 20 տարի Ադրբեջանի անբաժանելի մասը՝ Լեռնային Ղարաբաղն ու հարակից 7 շրջանները, գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ։
Հայաստանի ռազմական օկուպացիայի հետևանքով ադրբեջանական տարածքների 20 տոկոսն օկուպացված է, միլիոնավոր ադրբեջանցիներ դարձել են փախստական և բռնի տեղահանվածներ։
Ադրբեջանի դիրքորոշումը հակամարտության խաղաղ կարգավորումն է՝ միջազգային նորմերին և սկզբունքներին համապատասխան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ անցկացվող բանակցություններում մինչ օրս առաջընթաց չի գրանցվել: Հայաստանը շահագրգռված չէ հակամարտության կարգավորմամբ և ձգտում է պահպանել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակը»,- նշել է Մամեդովը։
Նրա խոսքով՝ ապրիլյան իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ հակամարտության սառեցումը ցանկացած պահի կարող է հանգեցնել պատերազմի։
«Չնայած, որ միջնորդները պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չգիտես ինչու, այդ հարցում միանշանակ դիրքորոշում չի արտահայտվում։
Ադրբեջանը հակամարտության արդար կարգավորման համար կոնկրետ քայլեր է ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբից և միջազգային հանրությունից: Արդարության սկզբունքի չպահպանումը ոչ միայն տարածաշրջանը, այլև ողջ աշխարհը ներքաշում է ճգնաժամի մեջ»,- ասված է հոդվածում։