Եվրամիությունը չի կիրառի նոր պատժամիջոցներ ընդդեմ Ռուսաստանի սիրիական հարցի պատճառով
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ Սիրիայում ծավալած գործողությունների համար: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Նախքան լյուքսեմբուրգյան հանդիպումը Մոգերինին խոսեց լրագրողների հետ: Նա չբացառեց հետագա պատժամիջոցների կիրառումը Ասադի ռեժիմի դեմ Սիրիայում:
«Ոչ մի անդամ պետություն չի առաջարկել դա: Ես նկատեցի, որ մամուլը գրել է դրա մասին, սակայն հանդիպմանը որևէ քննարկում չի եղել: Մեր որևէ հանդիպման ժամանակ այս հարցը չի բարձրացվել:»:
Մոգերինին նշել է, որ պատժամիջոցները Եվրամիության միակ լծակը չեն՝ ազդելու իրադրության վրա: Միությունը դիտարկում է բոլոր տարբերակները:
Կիրակի օրը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին զգուշացրեց Սիրիայի հարցի հետ կապված պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին: Նա նաև խիստ քննադատեց Ռուսաստանի ռազմական գործողություններն այնտեղ: ԱՄՆ և Մեծ Բրիտանիան դիտարկում են նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունն ընդդեմ Սիրիայի և Ռուսաստանի։
Սիրիան քննարկման հիմնական թեմաներից էր պետքարտուղար Քերրիի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի կիրակնօրյա և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և այլ պաշտոնյաների հետ շաբաթօրյա հանդիպումների ընթացքում: Այդ հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը լավատեսություն չէր պարունակում:
«Մենք շարունակել ենք աշխատանքն այս ուղղությամբ, քանի որ ոչ-ոք իրավունք չունի ուղակի հեռանալ կամ թույլ տալ, որ ռմբակոծությունները Հալեպում շարունակվեն»։
Քերրին հայտարարել է, որ հանդիպումների ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերի մոտ կա ընկալում, որ հակամարտությունը պետք է դադարեցվի, սակայն կողմերը չեն եկել համաձայնության, թե ինչպես դա անել: Պետքարտուղարն ասել է, որ բոլորն անհանգստացած ու վրդովված են Հալեպում տեղի ունեցած ավերածություններով: Նա զգուշացրեց Դամասկոսին և Մոսկվային, որ անգամ Հալեպի ամբողջական ավիրումը չի վերացնի ընդդիմությունը Ասադի ռեժիմին: Միևնույն ժամանակ պետքարտուղար Քերրին բացառեց այս պահին ԱՄՆ-ի ռազմական ներգրավվումը սիրսիական հակամարտությունում, որը ըստ պետքարտուղարի կարող է ավելի սրել իրավիճակը:
Սակայն վերջին հինգ տարիների՝ սիրիական հակամարտության ընթացքում խախտվել են բազմաթիվ զինադադարներ, ներառյալ անցած ամսվա վերջին խախտումները Հալեպում: